Կիրակի՝ սեպտեմբերի 22-ի առաւօտեան, 2024-25 թ.թ. ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում:
Առաւօտեան ժամը 8:00-ին, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի գլխաւորած ազգային մարմինների պատւիրակութիւնը ներկայ գտնւեց հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում, ուր դպրոցական տարեմուտի առթիւ համախմբւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտութիւնը, անձնակազմերն ու ծնողները:
Ներկաներին ողջոյնի խօսք ասաց «Արմէն» տարրական դպրոցի տնօրէնուհի Արսինէ Դաւթեանը, ով յիշեցնելով, որ մատաղ սերնդի ապագան կերտելու լաւագոյն ժամանակաշրջանը հէնց դպրոցական տարիներն են, կոչ արեց աշակերտներին՝ լինել ուսումնատենչ եւ ջանադիր կեցւածքով սովորել ու զարգանալ:
Կրթական խորհրդի պատգամը փոխանցեց ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա շեշտելով, թէ դպրոցների անձնակազմերն ու ազգային մարմինները մեծ ջանք են գործադրում համաճարակի հետեւանքով կորցրածը վերականգնելու ուղղութեամբ, յոյս յայտնեց, որ միասնական ջանքերի շնորհիւ, լրանալու է առկայ բացը: Նա իր խօսքում յայտարարելով, որ «Արմէն» (տղայոց բաժին) եւ «Քանանեան-Կատարինեան» դպրոցների նոր տնօրէններ են նշանակւել հերթաբար Սքարլետ Հայրապետեանն ու Անահիտ Սարհադեանը, ուժ ու կորով մաղթեց նրանց իրենց նոր պատասխանատւութեան ընթացքում:
Վերամուտի առթիւ մաղթանքներով ու շնորհաւորանքի խօսքով արտայայտւեց տնօրէնուհի Անահիտ Սարհադեանը, ով յաջողութիւն ու նորանոր նւաճումներ ցանկացաւ աշակերտներին եւ ուսուցչական կազմին՝ իրենց բոլորանւէր աշխատանքում:
Ելոյթների աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ներկաներին շնորհաւորանքի խօսք փոխանցելով՝ շրջափակում համախմբւած աշակերտութեանը պատգամեց, որ որպէս ազգի նոր սերնդի ներկայացուցիչներ լաւ սերտեն լեզուն, մշակոյթն ու պատմութիւնը՝ ազատ, անկախ եւ հզօր հայրենիքի կերտման գործում դրական դերակատարութիւն ցուցաբերելու համար:
Միջոցառումն աւարտւեց աղօթքով եւ Սրբազան Հօր ձեռամբ հնչած առաջին զանգով, որից յետոյ սաները շտապեցին դասարաններ:
Նշելի է, որ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնն այցելեցին վերոնշեալ դպրոցների մի քանի դասարաններ եւ մօտիկից զրուցեցին աշակերտների հետ:
Այնուհետեւ, Սրբազան Հայրն ու ազգայիններն այցելեցին կրթահամալիրին կից տարածք՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ, ուր իրենց էին սպասում խանդավառ փոքրիկները, դպրոցի անձնակազմն ու ծնողները:
Այստեղ նախ ողջոյնի եւ շնորհաւորանքի մաղթանքներ ասաց տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը, որն իր խօսքում յոյս յայտնեց, թէ ինչպէս նախորդ տարիներում, այս տարեշրջանի ընթացքում եւս ծնող-դպրոց-ազգային մարմիններ փոխհամագործակցութեան արդիւնքում հնարաւոր կը դառնայ լաւագոյնս ծրագրելու եւ իրագործելու մատաղ սերնդի համար:
Շարունակութեան մէջ Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը կոչ արեց՝ արժեւորել ազգային դպրոցները, հայեցի դաստիարակութիւնը եւ ազգային մարմինների կողմից կատարւած լայնածաւալ աշխատանքը՝ հայկական վարժարանները ծաղկուն վիճակում պահելու ուղղութեամբ եւ միասնական աշխատանք իրականացնել առաւել բարձր մակարդակի հասնելու համար:
Այնուհետեւ սաները պատասխանեցին Սրբազան Հօր հարցումներին՝ խոստանալով, որ լաւապէս ունկնդրելու եւ կատարելու են ծնողների եւ դաստիարակների խօսքերն ու յանձնարարութիւնները եւ երբեք չեն զլանալու:
Այստեղ նոյնպէս հնչեց աղօթք եւ առաջին զանգը, իսկ շարունակութեան մէջ խմբական խաղերի ներքոյ զւարճալի պահեր ունեցան փոքրիկները:
Յատկանշական է, որ Թեմական խորհրդի կողմից մի շարք հայերէն գրքեր նւիրւեցին դպրոցներին:
Թղթակից (Նոր Ջուղա)