Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Երէցների եւ Մշակութային միաւորների,  կիրակի՝ փետրւարի 19-ի երեկոյեան, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը:

Ներկաներին ողջունեցին դիմակահանդէս-մրցոյթի կազմակերպիչ Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Շաղիկ Մատթէոսեանը եւ Նազէ Ասատրեանը, ապա անդրադարձան  Բարեկենդան տօնի ծագումնաբանութեանը, ծէսերին ու աւանդոյթներին: Այնուհետեւ նրանք հանդիսավարեցին մրցութային բաժինը, ուր աւելի քան 70 տարազաւորների ներկայացրած կերպարները գնահատեց իրաւարար կազմը՝ ըստ կերպարի, մտայղացման, գործադրած ճաշակի եւ  կատարած աշխատանքի: Միաւորների  ամփոփումից յետոյ յայտարարւեց առաջին, երկրորդ եւ երրորդ հադիսացած մասնակիցների անունները, ովքեր կազմակերպիչների կողմից պարգեւատրւեցին՝ առանձին հանդիպման ընթացքում:

Տօնախմբութեան ընթացքում բազմահարիւր հանդիսատեսը, ճաշակեց Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշերը, թխւածքն ու այլ ուտեստները:  

Երէցների միաւորը նաեւ վաճառքի էր հանել դիմակներ եւ նախատեսել էր դիմայարդարման կրպակ, որտեղ ցանկացողներին դիմայարդարեց Էդնա Մանուկեանը:

Տօնահանդէսի երաժշտութիւնը ապահովեց  DJ-Վահէն։

Յատկանշական է, որ ձեռնարկը իր խրախուսական ներկայութեամբ պատւել էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սիփան  Ս. Եպս.  Քէչէճեանը:

Երեկոյի աւարտին  Մշակութային միաւորի անունից շնորհակալական խօսք ուղղւեց  իրաւարար կազմի անդամներ՝ Լորեթա Դաւթեանին, Վիոլեթ Թորոսեանին, Վանէ Իսաղուլեանին եւ Հայդուկ Վարդեւանեանին, ինչպէս նաեւ «Կռունկ» ասմունքի խմբին եւ պատասխանատու Ռիմա Սիմոնեանին՝  իրենց  անվերապահ համագործակցութեան համար: 

Տարազահանդէսի յաղթողներն էին՝

Առաջին՝  Լարա Խաչիկեան, Էմիլի Փանոսեան

Երկրորդ՝ Նարէ Շահիջանեան, Մանէ Բարսեղեան

Երրորդ՝  Էլեն Մանսուրեան, Մանան Ղազարեան եւ Բարդի  Յովհաննէս

Նշելի է, որ որպէս խրախուսանք՝ լաւագոյնների շարքում յայտարարւեցին նաեւ  Սելիա Ծառուկեանը, Ադանա Փանոսեանը, Քարլա Դաւթեանը, Քարլին Դաւթեանը եւ Էլենա Ասատրեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)