Կիրակի՝ յունւարի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողների յիշատակին:

Պաշտօնի աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը աղօթելով առ Բարձրեալն Աստւած՝ խնդրեց զոհւածների հոգիները խաղաղութեան մէջ հանգչեցնի, իսկ վիրաւորներին շուտափոյթ ապաքինում եւ զոհւածների հարազատներին մխիթարութիւն պարգեւի:

Արարողութեանը ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Հոգեհանգստեան կարգ իրականացւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)