Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ դեկտեմբերի 9-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ժողովրդական հանդիպում իրականացւեց դասախօսութեամբ՝ Հայաստանից հրաւիրւած մեդիա փորձագէտ, հեռուստատեսային վաւերագրական հաղորդումների հեղինակ, վերլուծաբան Նայիրի Յոխիկեանի, «Տարածաշրջանային պայքար Սիւնիքի եւ Արցախի համար» խորագրով:

Սկզբում բացման խօսքով եւ օրւայ բանախօսի կենսագրականի ընթերցմամբ հանդէս եկաւ հաղորդավար Մանիա Ղուկասեանը, որից յետոյ բեմը տրամադրւեց Նայիրի Յոխիկեանին:

Բանախօսն իր ելոյթը սկսեց անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի Իսլ. հանրապետութիւնների համար Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների կարեւորութեանը:

Նա քարտէզներով եւ փաստացի տւեալներով պատմական դրւագներ ներկայացրեց Անդրկովկասի տարածաշրջանի վերաբերեալ, նշելով, թէ 1918 թւականից մինչեւ 1928 թւականները, Հայաստանից անօրինի անջատւած եւ Թուրքիային ու Ադրբեջանին յանձնւած տարածքներով հանդերձ, հայկական տարածքի կազմում են եղել Արցախի Կովսականը (Զանգելան), Սանասարը (Ղուբաթլուն), Բերձորն (Լաչին) ու Քաշաթաղի շրջանը եւ բազմաթիւ այլ հայկական բնակավայրեր: Բանախօսը խօսեց նաեւ 1930-60 թւականներին, Հայաստանի Սովետական Հանրապետութիւնից դարձեալ անօրինական կերպով անջատւած եւ Ադրբեջանի Սովետական Հանրապետութեանը նւիրւած տարածքների վերաբերեալ:

Գալով ժամանակակից իրականութեանը, պրն. Յոխիկեանն անդրադարձաւ 2020 թւականից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայ իշխանութիւնների համաձայնութիւններին եւ որպէս հետեւանք՝ Հայաստանին սպառնացող վտանգներին, այդ թւում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու պլանաւորմանը եւ արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ, 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ, թշնամուն շրջաններ յանձնելու իրողութեանը, ընդգծելով, որ այդ բոլորի հիմքում է ընկած ԱՄՆ-ի ժամանակի նախագահի գլխաւոր խորհրդական Փօլ Գոբլի պլանը, որի նպատակը ոչ միայն պանթուրքիզմի գաղափարի իրականացումն է, այլ նաեւ Հայաստանի ջրային եւ հանքահումքային խոշոր ռեսուրսներին՝ որակի եւ ծաւալի իմաստով աշխարհում առաջնակարգ տեղ զբաղեցրած քաղցրահամ ջրին, մոլիբդենի, ոսկու եւ ուրանի հարուստ պաշարներին տիրանալը:

Շարունակութեան մէջ խօսեց տարածաշրջանում ուժերի վերադասաւորման մասին, յիշեցնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հովանաւորներ՝ Անգլիայի եւ Իսրայէլի ներկայութիւնը տարածաշրջանում, յատկապէս նրանց տեղակայումը Իրան-Հայաստան սահմանին եւ Հայաստանի հանքահումքային պաշարներով հարուստ տարածքներին կից շրջաններում, զգուշացնելով Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների համար դրանց հետ կապւած վտանգների մասին:

Բանախօսը Ադրբեջանի կողմից առկայ սպառնալիներից համարեց՝ Սեւանայ լճի արեւելեան ափերի ու Տաւուշի մարզի հատւածի գրաւումը եւ շեշտեց. «Այդ շրջանների գրաւումով Ադրբեջանը ոչ միայն  Սեւանից իր համար ապահովելու է ջրային ռեսուրսներ, այլ նաեւ Տաւուշի միջոցով վերահսկողութիւն է սահմանելու Հայաստանի հիւսիսային եւ միեւնոյն ժամանակ Վրաստանի հարաւային շրջանների վրայ, իսկ եթէ նկատի առնել, որ  Վրաստանի հարաւային շրջանում բնակւում են ազգութեամբ թուրք ժողովուրդ, այդ գործողութեան իմաստը ամբողջովին պարզ է դառնալու»:

 Ելոյթի եզրափկիչ փուլում պրն. Յոխիկեանը բոլորի ուշադրութիւնը կենտրոնացրեց այն հանգամանքի վրայ, որ եթէ 2025 թւականին Ադրբեջանի պահանջով Արցախից դուրս բերւեն ռուսական զօրքերը, Արցախում նոր պատերազմ սկսելու հաւանութիւնը շատ բարձր է լինելու: Նա աւելացնելով, որ այսօր մեր պետականութիւնն իր վատագոյն ժամանակներում է գտնւում, նշեց, որ դեռեւս ոչինչ կորած չէ եւ անհրաժեշտ նկատեց մինչեւ այդ թւականը ոչ միայն զինել Արցախն ու Հայաստանի հանրապետութեան արտաքին առաջնագիծը, այլ նաեւ Սփիւռքը տէր կանգնի հայրենիքին: Բանախօսը տեղեկացրեց, որ աւելի քան 120 անձանց մասնակցութեամբ, 8-ամեայ աշխատանքի արդիւքում մշակւել է ազգային ծրագիր, որի՝ Սփիւռքին վերաբերող հատւածում նշւած է ՀՀ կառավարման գործում Սփիւռքի պարտադիր մասնակցութեան մասին:

Ծրագրին ներկայ էին Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի անդամները, ազգային մարմինների ներկայացուցիչներ, կրթական մշակներ, միութենականներ եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամներ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)