Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, ուրբաթ՝ նոյեմբերի 11-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում նշւեց Հայ ուսուցչի տօնը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների, Հայ Դատի յանձնախմբի, Կրթական խորհրդի անդամների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց դպրոցներում աշխատող եւ հանգստի կոչւած բոլոր տնօրէնների, ուսուցիչների եւ անձնակազմի այլ անդամների:

Բացման խօսքով հանդէս եկաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ով շնորհաւորելով ուսուցչի տօնը, նշեց. «Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելութիւն է, որ պահանջում է անսահման զոհողութիւն եւ նւիրում, եւ այդ նւիրումի մէջ իսկ գոհունակութիւն գտնելու ենթադրութիւն: Եւ ահա թէ ինչո՛ւ դպրոցը եւ մանաւանդ հայ դպրոցը նկատում ենք հայի կենարար աւիշը, որով կերտւում ու կազմաւորւում է հայ պատանու ու հայ երիտասարդի հոգին»:

Յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի արտայայտւեց ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, որը հանդէս գալով շնորհաւորական եւ գնահատանքի խօսքերով, աւելացրեց. «Ուսուցչութիւնը ոչ թէ գործ, այլ առաքելութիւն է: Մեծերն ասում են թէ ուսուցչութիւնը մարգարէների գործ է եւ մենք որպէս քրիստոնեայ հաւատում եւ ընդունում ենք դա, քանի որ եթէ Աւետարանին ենք նայում, այնտեղ Քրիստոսի աշակերտները նրան կոչում են ուսուցիչ: Բոլոր ազգերի մօտ ուսուցիչը յարգւած եւ գնահատւած անձ է եւ ինչքան բարձր է այդ գնահատանքը, այդ ազգը եւ այդ երկիրը աւելի զարգացած է»:

Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա նշելով, որ համաճարակի պատճառով շուրջ երեք տարի է, ինչ նման հաւաք տեղի չի ունեցել, աւելացրեց.  «Կորոնաժահրի ժամանակաշրջանում շատ բաներ հունից դուրս եկան, փոխւեցին ու հարցականի տակ գնացին, որոնց վերականգնելն պահանջում է հսկայական աշխատանք եւ այդ բեռը մենք ենք տանելու անկասկած, բայց միասին: Ոչ ոք մեր դերը չի կատարելու, պէտք է գործել թէ՛ անհատապէս, թէ՛ համայնքային չափանիշներով: Այս գործում թեւ-թիկունքն է հանդիսանալու ազգային իշխանութիւնը, որն իր ողջ կարողութեամբ չի վարանելու ամէն տեսակ օժանդակութիւնից»:

«Արմէն» տարրական երկսեռ դպրոցի հանգստի կոչւած տնօրէն Վրէժ Շիրւանեանը օրւայ առթիւ ներկայացրեց հակիրճ բանախօսութիւն: Նա երախտագիտութեամբ յիշեց ուսուցչական աշխատանքի ասպարէզում իր առաջին ուսուցիչ լուսահոգի Յարութ Տէր-Մարտիրոսեանին, ապա աւելացրեց. «Տարիներ շարունակ ես եւս ձեր շարքերում մասնակցել եմ Հայ ուսուցչի մեծարման բազմաթիւ միջոցառումների. բնականաբար հրճւել, շոյւել եւ ոգեւորւել եմ ուսուցչի մասին բանախօսների, պատասխանատուների եւ այլոց արտայայտած ցանկալի խօսքերից. վստահեցնում եմ, որ մեր ուսուցիչները այնպէս են, ինչպէս կարգն ու պարտականութիւնն է թելադրում: Ես նոյնիսկ չնչին չափով չեմ կասկածում, որ մեր դպրոցների աշխատակազմերը անում են ամէն ինչ, նոյնիսկ առաւելը, մեր մատաղ սերնդին կրթելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու խնդրում: Միւս կողմից բարձր եմ գնահատում Ազգային մարմինների կողմից կատարւած ներդրումները կրթա-մշակութային ոլորտում՝ ժամանակակից հնարաւորութիւններ, հաճելի միջավայր, դաստիարակչական ազատ մթնոլորտ ստեղծելու համար»: Պրն. Շիրւանեանն իր խօսքերի յաջորդ բաժնում նշեց զանազան երկրներից ուսուցչի արժէքը ներկայացնող դրւագներ:

Ծրագրի յաջորդ բաժնում պատւոգրեր եւ յուշանւէրներ յանձնւեցին անցնող երկու տարիների ընթացքում հանգստի կոչւած կրթական մշակներին:

Պատւոգրերը յանձնւեցին օղակ առ օղակ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ դոկտ. Վաչիկ Հայրապետեանի, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի եւ անդամներ Սաթենիկ Աւետումեանի եւ դոկտ. Նորայր Թումանեանի, Շահինշահրի հայ Համայնքի վարչութեան ներկայացուցիչ Գառնիկ Միրզախանեանի եւ պատկան տնօրէնների:

Հանգստի կոչւածներն էին՝

-Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն եւ վարժուհի Կարինէ Մինասքանեանը եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի ուսուցչուհիներ՝ Անահիտ Այւազեանը, Վարդուհի Պօղոսեանն ու Քարմէն Մատթէոսեանը:

-Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի վարժուհի Մարգարիտ Մինասքանեանը։

-«Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանը եւ ուսուցչուհիներ՝ Արմինէ Սիմոնեանը, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Ժանետ Բաղումեանը:

-«Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրէն Կարինէ Մինասեանը, դպրոցի վերակացու Վահիկ Թորոսեանը, ուսուցչուհի Անահիտ Թահմազեանը եւ գրասենեակի աշխատող Անահիտ Շամիրեանը:

Հանգստի կոչւած ուսուցիչ-ուհիներից Անահիտ Այազեանը, Վարդուհի Պօղոսեանը, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, Ժանետ Բաղումեանն ու Վրէժ Շիրւանեանը արտայայտւեցին շնորհաւորանքների եւ շնորհակալութիւնների խօսքերով, ինչպէս նաեւ աշխատանքային տարիներից յուզիչ ու զւարճալի յուշերով:

Փակման խօսքով ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա նշեց. «Այսօր հաւաքւել ենք այստեղ, որպէսզի մէկ միջոցառման ընթացքում կարողանանք երկու նպատակակէտ իրագործենք. առաջինը՝ տօնախմբել հայ մշակոյթի առիթով Հայ ուսուցչի տօնը« երկրորդ՝ գնահատել եւ վերարժեւորել հայ ուսուցիչներին, ի մասնաւորի հանգստի կոչւածներին»: Ապա Սրբազան Հայրը  հանդէս եկաւ շնորհաւորանքների խօսքերով եւ ասաց. «Հայեցի դաստիարակութիւնը քիչ եւ դիւրին բան չէ, որի իրագործման համար մենք պէտք ունենք քաջամարտիկների՝ ուսուցիչների»:

Հարկ է նշել, որ հանդիսութեան ընթացքում իրականացւեցին գեղարւեստական համարներ. Դաշնամուրի անզուգական կատարումներով հանդէս եկաւ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը: Նա կատարեց «Էլեգիա» երաժշտութիւնը՝ հեղինակութեամբ Առնօ Բաբաջանեանի եւ իր ստեղծագործութիւններից՝ «Հայրենիք» ու «Մադամ Դիանա Աբգար» երաժշտութիւնները, որոնցից վերջինը առաջին անգամն էր հնչում Նոր Ջուղայի բեմերից: «Խանդոդ սէր» եւ «Կանչում եմ արի, արի» երգերի կատարմամբ հանդէս եկաւ Զարենուշ Աղուրեանը՝ Հարմա Կարապետեանի երաժշտութեան ձեւաւորմամբ եւ Նարբէ Գրիգորեանի ոկալ ղեկավարութեամբ:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի նախապատրաստական աշխատանքները կատարել էին հայոց ազգային դպրոցների ծնողական խորհուրդները:

Թղթակից (Նոր Ջուղա)