2022-2023 ուսումնական տարեշրջանի մեկնարկից շուրջ մէկ ամիս անց, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի ձեռամբ կրկին անգամ հնչեց խորհրդանշական զանգը, սակայն այս անգամ ոչ թէ դպրոցական տարեմուտի, այլ դպրոցի վերանորոգման աշխատանքների աւարտի առիթով։
Շաբաթ՝ հոկտեմբերի 29-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում, ներկայութեամբ՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների, Կալւածա-տնտեսական մարմնի եւ հայոց ազգային դպրոցների տնօրէնութեան ներկայացուցիչների, ինչպէս նաեւ մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմի, սաների ու ծնողների եւ մի շարք այլ հրաւիրեալների տեղի ունեցաւ նշւած դպրոցի բակի եւ խաղահրապարակի վերաբացումը՝ աւելի քան մէկ ամիս շինարարական աշխատանքներից յետոյ։
Նշւած վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների ներքոյ հիմնովին նորոգւել եւ սալիկապատւել է դպրոցի շրջափակը, իսկ հեռացնելով խաղահրապարակի նախկին արհեստական մարգերը, ոչ միայն վերանորոգւել է յատակը, այլեւ ծածկւել է նոր մարգերով. խաղահրապարակը համալրւել է նոր խաղերով։ Աշխատանքը ֆինանսաւորւել է ազգային մարմինների կողմից եւ մի շարք ծնողների ու բարերարների նւիրատւութիւններով։
Հանդիսութեան սկզբում մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն Քառոլին Դիլանչեանը նշելով կատարւած լայնածաւալ աշխատանքները՝ իր, անձնակազմի, ծնողների եւ սաների անունից շնորհակալական խօսք ուղղեց ազգային մարմիններին, նւիրատուներին եւ շինարարական խմբին։
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը բարի վայելում մաղթելով փոքրիկներին՝ անդրադարձաւ կատարւած աշխատանքներին, ապա նախագծի յաջող աւարտի համար իր շնորհակալութիւնները յայտնեց՝ նւիրատուներին, թեմի Կալւածա-տնտեսական մարմնին ու պատկան շինարարական խմբին։ Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեանը՝ դպրոցի խաղահրապարակի համալրման համար մէկ խաղ նւիրելու առթիւ։ Պրն. Տէր-Մարտիրոսեանը ընդգծեց նաեւ, որ Թեմական խորհրդի ջանքերի արդիւնքում յաջողւեց պահանջւող որակեալ շինանիւթերը խոշոր զեղչերով ստանալ քաղաքապետարանից։
Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նոյնպէս միանալով շնորհակալական խօսքերի շարանին՝ այս ծիրում յիշեց մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէնութեանը, անձնակազմին, նւիրատուներին, ազգային մարմիններին ու պատկան գործավարներին եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանը՝ դպրոցին բատուտ խաղահրապարակ (փառքէ բադի) տրամադրելու կապակցութեամբ։
Նա առիթը պատեհ համարելով իր երախտագիտութիւնը յայտնեց նաեւ Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին՝ դպրոցները օպտիկական թելքի (ֆիբրէ նուռի) հնարաւորութեամբ օժտելու գործում իր լայն դերակատարութեան համար։
Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը բարձր գնահատելով ամենասեղմ ժամկէտում իրականացւած աշխատանքը՝ աւելացրեց, որ արդիւնքն ապացուցում է կատարւած ջանադիր աշխատանքը։ Նա նաեւ իր շնորհակալութիւնները յայտնելով բոլոր դերակատարներին՝ խնդրեց Բարձրեալին միշտ այսպէս ուժ-կարողութիւն շնորհի բոլորին, ի մասնաւորի պատասխանատուներին՝ համայնքի ժողովրդին եւ յատկապէս մատաղ սերնդին առաւել չափով ծառայելու համար։
Ելոյթների աւարտին մանկապարտէզի կրտսեր եւ աւագ խմբակների սաները, ինչպէս նաեւ նախակրթարանի աշակերտները հանդէս եկան երգերով։

Թղթակից (Նոր Ջուղա)