Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սեպտեմբերի 7-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան խորհրդական (հիւպատոս) Արթուր Սարգսեանը: Իրանի Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան համագումարների, կազմակերպութիւնների եւ մշակութային գործունէութեան գրասենեակի գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուրը, Սեղանի թենիսի ֆեդերացիայի եւ Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Թ.Հ.Թ. առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ներկայացուցիչ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, միութիւնների ներկայացուցիչներ, աւելի քան 200 մարզիկ-մարզուհիներ Իրանի տարբեր շրջաններից, այդ թւում՝ Թեհրան, Նոր Ջուղա, Թաւիրզ եւ Գեարդաբադ քաղաքներ:

Իրանի 53-րդ համահայկական խաղերը նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին: Ծրագրին ողջոյնի ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի խօսքը ներկայացրեց ներկայացուցիչ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Ծրագրի առաջին բաժնում տեղի ունեցաւ դրօշակների արարողութիւն, այնուհետեւ մարզադաշտ մուտք գործեցին 4 ջահակիր ֆուտբոլիստներ Մարգար Ներսիսեանը, Յովիկ Հաթամզադէն, Համբարձում Դարաբիդեանը եւ Կոնստանդ Յարութիւնեանն, որոնք Ս. Խաչ մատուռում տեղադրւած կրակը փոխադրեցին ֆուտբոլի մարզադաշտ եւ ազդարարեցին Իրանի 53-րդ Համահայկական խաղերի մեկնարկը: Այնուհետեւ, մեկնարկեց Իրանի 53-րդ համահայկական խաղերի մարզիկ-մարզիկուհիների մուտքն ու խաղերի շքերթը: Այս տարի համահայկական խաղերի ծրագրում ընդգրկւած է 9 մարզաձեւ, այդ թւում՝ ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթբալ 3x3, թենիս, ճատրակ, սեղանի թենիս եւ վոլէյբոլ: Առաջին անգամ ներառւել է նաեւ՝ FIFA-ի մարզաձեւը:

Մարզիկների մարզադաշտ մուտքին յաջորդել է մարզիկների եւ իրաւարար կազմի երդման կարգն, որոնք կատարել են՝ իրանահայ միջազգային կարգի մրցավար Թալին Թահմասեանը եւ համաՀՄԸՄ-ական խաղերին լաւագոյն բասեկտբոլիստ անւանակարգի գաւաթակիր Գէորգ Յարութիւնեանը:

Այնուհետեւ, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն՝ պարսկերէն լեզւով արտայայտած իր ելոյթի ընթացքում՝ ողջունելով ներկաներին, շնորհաւորել է մարզական մեծամասշտաբ իրադարձութեան կայացման առթիւ, մասնաւորապէս՝ հաշւի առնելով ժամանակի բարդութիւններն ու մարտահրաւէրներն, այդ թւում՝ Մերձաւոր արեւելքի տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակը եւ յետկորոնավիրուսային պանդեմիայի պայմանները:

Հենրիկ Խալոյեանն իր խօսքերի ընթացքում նշել է. «Համահայկական խաղերի կայացումը մեծապէս նպաստում է մշակոյթի եւ սպորտի զարգացմանն. ու այս օրերին մարզանքն ու մշակոյթը իրօք կարող են վերածւել փրկարար օղակի մարդկային վեհ արժեհամակարգի կերտման, կայունութեան եւ խաղաղութեան ուղղութեամբ»:

Ապա նա շեշտել է, որ Կազմակերպութեան պատասխանատուները ջանք ու եռանդ չեն խնայելու լաւագոյնս պահպանելու եւ զարգացնելու «Արարատ»-ի ժառանգութիւնն, որն իրենից ներկայացնում է՝ ե՛ւ ազգային արժէք, ե՛ւ բազմակողմանի գործունէութեամբ ի խնդիր հաւաքական առաքելութեան, լինելով իրանահայութեան հարստութիւնը:

Հենրիկ Խալոյեանը նաեւ նշել է, որ «Արարատ»-ի եւ ընդհանրապէս իրանահայ միութիւնների նպատակների իրականացման եւ առաքելութեան շարունակականութեան ապահովման համար անհրաժեշտ են պետական մասշտաբի բարոյա-նիւթական աջակցութիւն եւ համահաւասար մօտեցում: Նա նաեւ ողջունել է պետութեան բոլոր ժամանակների աջակցութեան ցուցաբերումն այդ ուղղութեամբ՝ յիշեցնելով, որ  Կազմակերպութեան պահպանման եւ աշխատանքների զարգացման ուղղութեամբ նպաստները ինչքան էլ նւազ լինեն, այդուհանդերձ, մենք փորձելու ենք իրականացնել մեր դերակատութիւնը եւ որպէս վկայութիւն փաստել է Հայաստանի համահայկական եւ համա-ՀՄԸՄ-ական խաղերին իրանահայութեան մասնակցութիւնը եւ մինի-բասկետբոլի եւ ֆութբոլի ակադեմիայի հիմնումը»:

Խալոյեանը նաեւ յաջողութիւն է մաղթել Իրանի 53-րդ համահայկական խաղերի մարզիկներին, մարզիչներին, պատասխանատուներին եւ վեթերաններին ու բոլոր մասնակիցներին եւ կոչ է արել վայելել մարզական տօնը:

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան ելոյթին յաջորդել է Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշիի խօսքը: Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամը բարձր է գնահատել խաղերի կազմակերպումը եւ շնորհաւորել է բոլոր մասնակիցներին եւ երկրպագուներին խաղերի կայացման առթիւ: Նա ընդգծել է, որ այս քայլով մեր երկրում հնարաւոր է դառնում խթանել, ինչպէս օլիմպիական մարզաձեւերի, այնպէս էլ մասսայական սպորտի զարգացումը: 

Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն եւս շնորհաւորել է Իրանի 53-րդ համահայկական խաղերի կայացման առթիւ:

Արա Շահվերդեանն իր ելոյթի ընթացքում անդրադարձել է իրանահայութեան դերակատարութեանը Իրանի պատմութեան ամբողջ ընթացքում, մասնաւորապէս՝ Իրան- Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան դերին, որոնք իրենց կեանքի գնով ծառայել են երկրին: Նա նաեւ կարեւորել է ազգային մակարդակում իրանահայ մարզիկների, այդ թւում՝ «Արարատ»-ի ֆուտբոլի մարզիկների դրսեւորած յաջողութիւններն, որոնք նշանակալի նւաճումներ են ունեցել Իրանի Իսլ. հանրապետութեան համար:

Արա Շահվերդեանը շեշտել է, որ «Արարատ» Կազմակերպութեան նպատակների իրագործման համար անհրաժեշտ է պետական մակարդակի աջակցութիւն եւ ենթակառուցւածքների զարգացում, ինչպէս նաեւ՝ բարոյական աջակութիւն եւ «միութիւն»՝ հասկացութեանն ու արժեհամակարգին հաւատարմութեան դրսեւորում:

Իսլ. խորհրդարանի իրանահայութեան պատգամաւորը շեշտել է, որ հետեւողական է լինելու «Արարատ» կազմակերպութեան պահանջների կատարման ուղղութեամբ բոլոր պետական պատասխանատուներից, որոնց ջանքերի արդիւնքները կը նպաստեն մարզիկների նորանոր նւաճումներին՝ երկրի ազգային մակարդակում:

Պատգամաւորը նաեւ վստահեցրել է, որ Իսլ. խորհրդարանը եւ Իսլ. Հանրապետութեան մարզական ոլորտի բոլոր պաշտօնեաներն իրենց ամբողջ ներուժը գործադրում եւ հովանաւորում են նման մասշտաբի միջոցառման կայացման համար եւ ջանքեր չեն խնայելու երկրի սպորտի ոլորտում ապահովելու իրանահայութեան դրական դերակատարութիւնը եւ նորանոր նւաճումների արձանագրումը:

Միջոցառման ընթացքում ԹՀԹ բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի օրհնական պատգամն է ներկայացրել արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ մասնաւորապէս նշել է. «Ողջունում ենք Իրանի Համահայկական 53-րդ խաղերի բացման առիթով, որը իրանահայ մեր ժողովրդի համար մեծ ուրախութիւն է, որ կրկին անգամ համախմբւել ենք այստեղ Արարատ մարզաւանի ջերմ յարկի տակ։ 53-րդ խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում եմ յաջողութիւն ու ամենայն բարիք, թող այս խաղերը նորուժ եւ եռանդ հաղորդեն ձեզ սիրելին եւ դառնան աւելի մեծ յաղթանակների սկիզբ»:

Ելոյթի մէկ այլ հատւածում քահանայ հայրը նշել է. «Համահայկական խաղերը խթան ուժ կը հանդիսանան հայրենիքում ու սփիւռքում ապրող ամէն մի Հայի համար ու նաեւ խրախուսման եւ զարգացման ոգեշնչող ազդակ պիտի դառնան ձեզ, որն նախանձախնդիր կերպով ծառայէք մեր ժողովրդին, միշտ լինելով քաջարի ու վճռակամ ազգանւէր եւ Աստւածահաճոյ ընթացքներում, մեր հայրենիքը զարգացնելու մեր եկեղեցին պայծառացնելու սրբազան գործում»:

Պաշտօնական արարողութեանը յաջորդել է մշակութային մասը, որը յագեցած էր պարային, երգչախմբային կատարումներով:

Միջոցառման գեղարւեստական բաժնում պարային առանձին եւ միասնական կատարումներով հանդէս են եկել՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Կակաչ» պարախումբը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարախումբը, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Գարուն» պարախումբը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Ակունք» պարային համոյթը: Երգերի կատարմամբ հանդէս են եկել «Սաուլ Դաստ» խումբը նաեւ խմբի առանձին մենակատարները:

 

ՆԻՒԹԸ՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
ԼՈՒՍ.՝ ՀԱՏԻՍԻ