Երեւանում առիթն ունեցանք զրուցելու Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ։ Ստորեւ ներկայաց­ում ենք հարցազրոյցի սղագրութիւնը։

***

- Պրն. Բեգլարեան, ըստ շրջանառւող վերջին լուրերի, Միա­ցեալ Նահանգներն ասում է, թէ ինքը պատրաստ է Իրանի հետ միջնորդաւորւած բանակցութեան։ Միւս կողմից թէ եւրոպական երկրնե­րը եւ թէ Ռուսաստանը կարծես դրական նշաններ են ուղարկում Իրան-Միացեալ Նահանգներ բանակցութիւններին առընթեր։ Ի՞նչ է կատարւում ընդհանուր մեծ ծրագրով։

- Բայդենի վարչակարգի մէջ կա­րելի է որոշակի փոփոխութիւններ հաշւի առնել, հիմնւելով նախկին յայտարարութիւնների եւ սկզբունքների վրայ։ Շօշափելով Իրա­նի լրջութիւնը որոշ հարցերի վերաբերեալ կամ նրա կեցւածքը, Բայդենը փորձում է հակառակ Թրամփին, բոլոր դռները չփակել կամ բոլոր կամուրջները չայրել Թեհրանի հետ։ Նրանք մի քանի շաբաթ առաջ այնպի­սի յայտարարութիւններ արեցին, որ ըստ իրենց գնդակը նետեցին Իրանի գետին։ Հաւանաբար մի երրորդ ուժի միջնորդութիւնը ինչ-որ նախաքայլ է լինում, այս սառեցման սպառնալիքը հալեցնելու։ Ի հարկէ, Իրանի տեսա­կէտն այն էր, որ նա ընդհանրապէս երբ ուղղակի Ամերիկայի հետ չի բա­նակցել՝ վնասւել է, քանի որ միջ­նորդների փոխանցած ոճը կամ յայ­տարարութեան ձեւը չի կարողացել լիա­կատար տեսակէտները փոխանցել։ Անշուշտ, Իրանի այս մօտեցումը ունի որոշ պատճառաբանութիւններ, ո­րովհետեւ Օբամայի իշխանութեան օրերին կնքւած համաձայնութիւնից մենք սահմափակումներ նկատեցինք եւ այդ պատճառով էլ տեսակէտ կայ, որ ուղղակի բանակցութիւնները կարող են արդիւնաւէտ չլինել։ Կայ նաեւ նախագահական ընտրութիւնների հարցը, որը ենթահող է պատրաստում, որպէսզի երկու կողմերն իրենց տրամադրութիւնները շօշափեն եւ, անշուշտ, այդ ընտրութիւնների արդիւնքները, որոնք ի յայտ կը բերեն, թէ ինչ տեսակ վարչակարգ է ունենալու Իրանը։

- Արցախի 44-օրեայ պատերազմի ընթացքին նկատեցինք Իրանի դի­ւանագէտ Աբբաս Արաղչիի այ­ցելութիւնը Երեւան։ Մամուլը գրեց, որ Իրանը որոշ նախաձեռնութեամբ է հանդէս գալու, սակայն այդպէս չեղաւ։ Ի՞նչ կարող էք ասել Իրանի նախաձեռնու­թեան մասին։

- Իրանը չէր ուզում անտարբեր մնալ Հարաւային Կովկասի զարգացումնե­րի վերաբերեալ, սակայն ինչ որ իմաստով ուշացել էր...։ Իրանի քաղաքա­կան, ընկերային, աշխարհաքաղաքական եւ հասարակական բարդ մթնո­լորտը եւ այն հանրային կարծիքը, որ վերջին ամիսներին ձեւաւորւել էր, պատճառ դարձան, որ Թեհրանը կա­մայ-ակամայ համակերպւի եւ ընդունի, թէ ինչպիսի ընթացք է ունենալու Արցախի մէջ սկիզբ առած պա­տերազմը։ Թեհրանն ընդունեց պատե­րազմը, հակառակ նրան, որ երկար տարիների ընթացքին իրանցիները միշտ էլ շեշտել էին, թէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը պէտք է լինի բացառապէս խաղաղ ճանապարհով։

Այստեղ կարեւոր փակագիծ բա­ցելով՝ հարկ է յիշեցնել, որ պատե­րազմի վերջին օրերին, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթօլլահ Խամենէին մի ելոյթով հանդէս եկաւ Մոհամմադ մարգարէի ծննդեան օրւայ առթիւ, ի շարս այլ նիւթերի անդրադարձաւ նաեւ Հայաստանին եւ հայութեանը։ Նա ասաց, որ հայերի անվտանգութիւնը չպէտք է խաթարւի։ Բայց այստեղ, Խամենէին շեշտեց, որ Ի­րանը ճիշտ է համարում, որպսէզի Հայաստանը վերադարձնի Ադրբեջանին պատկանող տարածքները։ Անշուշտ, այս մօտեցումը հայկական կողմի համար ընդունելի չէր։ Հետեւաբար, այն ինչ, որ Արաղչին կատարեց, կար­ծում եմ յետպատերազմեան Իրանի դիրքորոշման համար ենթահո­ղ պատրաստելն էր, նաեւ գաղափարներ յայտնել Արցախի խնդրի վերջնական լուծման համար։

Ի վերջոյ Իրանն այսօր էլ ուշադրութեամբ հետեւում է ընդհանուր իրավիճակին, որովհետեւ իր համար շատ կարեւոր է, թէ ինչ հունով են զարգանալու ապաշրջափակման գործընթացները, կամ կնքւած համաձայնութիւնների գործնականացումը ինչ հունով կը յաջողւի։

- Պատերազմի ամենաթէժ փուլե­րին Երեւանը եւ ընդհանրապէս Հայաստանի հասարակութիւնը, դժգոհ էին Թեհրանի կեցւածքից։ Արդեօք Հայաստանի սխալ գործելաոճը եւ Իսրայէլում դեսպանա­տուն բացելը ազդեցի՞ն, որ Իրանն աշխոյժ կերպով չմտնի այս գործի մէջ։

- Ես այդ կարծիքին համաձայն չեմ, որովհետեւ այդ օրերին տարբեր հանդիպումներ եմ ունեցել երկու երկրների հետ՝ թէ Հայաստանում եւ թէ Իրանում։ Անշուշտ, Իրանը նեղացել ու վրդովւել էր Իսրայէլի ուղղութեամբ Հայաստանի տարած քաղաքականութիւնից, սակայն չեմ կարծում, որ նման տագնապալի ու ճգնաժամային ռազմավարական ու աշխարհա-քաղաքական իրադարձութիւնների պահին, Իրանը հաշւի էր առնելու Իսրայէլի հետ յարաբերութեան հարցը։ Անշուշտ, որ յարաբերութիւնների հարցով մանաւանդ Հայաստանի կող­մից բացթողումներ են եղել, սակայն ինչպէս ասացի, այդ բոլորն էական դեր չունեն Իրանի ընդհանուր կեցւածքի վրայ ազդելու առումով։ Եթէ սպասում էինք, որ Իրանը զէնքով ու բանակի միջամտութեամբ այդ պատե­րազմին մասնակցէր, այդ մօտեցումը շատ միամիտ եւ ոչ-իրատեսական է։

- Բացի ռազմական միջամտութիւնից, որին ակնրակեցիք, Իրանը կարո՞ղ էր դիւանագիտական ճամբով դադարեցնել կրակը, երբ հայ­կական բանակը եւ արցախահայութիւնը մեղմ ասած «արիւնահոսում էր»...։ Այդ մասին ի՞նչ էք խորհում։

- Ժամանակին մենք այդ մասին մեր յստակ մտահոգութիւնները փոխանցեցինք Իրանի իշխանութեանը։ Ճիշտ է, որ Ի­րանն էլ ունէր իր տեղեկատւական հիմքը, բայց այն ինչ որ տեղի էր ու­նենում, օրինակ՝ վարձկանների ներ­կայութիւնը, առաջին օրից Թեհրանի համար յստակ չէր, եւ ժամանակ անցաւ մինչեւ, որ Իրանը տարբեր աղբիւրների վրայ հիմնւելով իմացաւ, որ վարձկան զինեալների մասին տեղեկութիւններն իրականութիւն են։ Պատերազմի ընթացքին Իրանը զօրքեր բերեց թէ Նախիջեւանի եւ թէ Հա­յաստանի սահմանին, բնականաբար սպառնալիք կար. այդ ընթացքին Թեհ­րանը քանի անգամ զգուշացրեց Բաքւին։ Աւելի ուշ, մտահոգութիւն կար, որ Իրան-Հայաստան սահմանը վտանգի կենթարկւի կամ Ադրբեջանը դէպի Սիւնիք կը մտնի։ Այդ պատկերի վրայ էլ երկրի ղեկավարը յայ­տարարեց, որ այդ սահմանները կար­միր գիծ են նաեւ Իրանի համար։ Իրանը ներկայիս աշխարհաքաղաքական մեծ հարցեր է դի­մագրաւում եւ երբեք չէր ուզենայ, որ իր հիւսիսային սահ­մաններին լարւած մթնոլոտ տիրի։ Անշուշտ կայ նաեւ տե­սակէտ, որ պատերազմի ծանր օրերին Իրանն սպասում էր, որ Ռուսաստանն աւելի արագ քայլերի դիմէր կամ նոյնիսկ ա­ւելի մեծ թափով հանդէս գար։

- Պատերազմի աւարտից յետոյ, Հայաստանում զա­նազան խօսակցութիւններ կան նաեւ հայ-թրքական կնճռոտ նիւթի մասին։ Հաշւի առնելով Իրանի փոր­ձառութիւնը Թուրքիոյ հետ, արդեօք այս ընդհանուր գործընթացի մէջ Իրանն ինչ-որ դեր կարո՞ղ է ունենալ։ Մենք գիտենք, որ նախապէս զանազան փուլերում Իրանն այնքան էլ ջերմ յարարերութիւններ չի ունեցել Թուրքիայի հետ։ Հիմա այդ յարարերութիւններն այնպիսի փուլում են, որ միայն շահերը չեն գերակշռում, այլ կան զանազան ու յաճախ խորքային գործօններ։ Այդ մասին ի՞նչ է մտածում պրն. Բեգլարեանը։

- Ես կարծում եմ, որ Իրանը կողմ է, որ տարածաշրջանում վերջնական խաղաղութիւն հաստատւի. այս համապատկերի վրայ էլ՝ Իրանի, նաեւ Հայաստանի սահմաննե­րը պահպանւած լինեն։ Հետեւաբար, ելնելով այդ աշխարհաքաղաքական խաղաղութիւնից, Իրանը ողջունելու է համակեցութիւնը։ Անշուշտ, կարող է պատահել, որ ճանապարհ­ների խնդրով եւս Հայաստանն ինչ-որ հարցերին առընթեր, խնդիրներ ունենայ Ադրբեջանի հետ եւ այստեղ եւս Ի­րանի համար շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապե­տութիւնն ի՛նչ մակարդակի նշաձող կը պահի եւ ինչ միջոցներով կը պահպանի իր սահմանների անվտանգութիւնը։ Իմ կարծիքով Իրանը միշտ էլ պատրաստ կը լինի ողջունելու Հայաստանի քայլերը, նաեւ պահպանելու շրջանում առողջ համագործակցութիւն ստեղծելու ա­ռիթներն ու հնարաւորութիւնները։

- Կարծում էք, որ Երեւանը հասկացե՞լ է Թեհրանի ու­ղերձները՝ կապւած Սիւնիքի անվտանգութեանը, նաեւ Իրանի համար խիստ կարեւոր Հայաստան-Իրան սահմանների անվտանգութեան հիմնարար մօտեցման կապակցութեամբ։

- Ես կրկին ուզում եմ մատնանշել, որ Իրանը շեշտում է երկր­ների քարտէզը, հողային ամբողջականութիւնը, տարածաշրջանի աշխարհագրական դիրքերը եւ սահմանը։ Ճիշտ է, որ երկու երկրներն այսօր էլ ունեն բարձր մակարդա­կի շփումներ ու կապեր, որտեղ կատարւում են հարցերի խորքային քննարկումներ։ Կայ նաեւ Իսրայէլի նիւթը. ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանութիւններն աւելի յստակ եւ զգօն են վարւելու այդ առումով, որովհետեւ Ի­րանի համար էլ լուրջ սպառնալիքներ կան։ Որպէս այդ, շատ լուրջ հարց է Իսրայէլ-Ադրբեջան համագործակցութիւնը եւ դրանից բխող սպառնալիքները։

- Իրանն այսօր իր սահմաններից դուրս էլ ներկայութիւն ունի. ինչպէս Եմէնի, այնպէս էլ՝ Սուրիոյ եւ Լիբանանի մէջ։ Այս բոլորով հանդերձ, ի՞նչ է Իրանի ար­տաքին քաղաքականութեան ընդհանուր գիծը։

- Իրանն աշխարհաքաղաքական ու ռազմավարական առու­մով աշխարհագրական դիրքով պաշարւած երկիր է համարւում։ Այսինքն, եթէ նայենք իր հարեւաններն ովքեր են, թէ սուննի-շիա տարբերութեամբ, թէ արաբ-ոչ-արաբ զանազանութեամբ, թէ Պակիստանի ու Աֆղանստանի հարցը, թէ հիւսիսային կողմը՝ թուրքերն ու ազերիները եւ թէ Կովկասը՝ հայերը եւ այլ բաղկացուցիչ տարրերը, Իրանն անընդհատ փորձում է խորքային դաշինքներ ունենալ. օ­րինակ՝ Իրանի եւ Չինաստանի միջեւ վերջին շրջանում ընթացք առած յարաբերութիւնը։ Այս բոլորն Իրանն անում է այն նպատակով, որ իր ռազմավարական խորքը անվտանգ դարձնի։ Հետեւաբար, եթէ ասում էք Եմէն, Սիրիա, Լիբանան կամ այլուր, պարզապէս այդ անվտանգութիւնը պահպանելն է հետապնդում։ Ես նոյնիսկ հաւատացած եմ, որ Իրանի պետական այրերն ասում են, որ մեր ներկայութիւնը բխում է մեծամասնաբար մեր բարոյական հիմքերից, սկզբունքնե­րից եւ յարաբերութիւններից, որ ունենք տարածաշրջանի հարեւան երկրների ժողովուրդների եւ ի մասնաւորի շիաների հետ։

Մինչ այդ, քանի որ Իրանի յեղափոխութիւնը նոր աշխարհընկալում առաջ բերեց վերջին քառասուն տարւայ ընթացքին, Արաբական աշխարհի մի շարք վահաբական հիմքով ստեղծւած երկրների մօտ մտահոգութիւն առաջա­ցաւ եւ նրանց հակազդեցութիւնն այն եղաւ, որ նրանք փորձեցին եւ կարծեցին, թէ շիաները պէտք է սահմանափակւեն, որպէսզի Իրանի վտանգը նւազեցնեն։ Այդ մօտեցու­մը շատ բնական մղումով թէ Իրանը եւ թէ այդ երկր­ների շիաներին իրար մօտեցրեց։ Բնականաբար, այդ փոխըմբռնումների առաջացումն երկար ժամանակ պահանջեց։ Կար Իրաք-Իրան պատերազմը, որ տեւեց ութ տարի, նաեւ կային մի քանի կարեւոր գործօններ կապւած Իրա­նի մէջ կատարւող յետ-յեղափոխութեան գործընթացներին։ Անշուշտ յեղափոխութիւնը մեծ եւ սթափեցուցիչ ցնցում էր Իրանի քաղաքակրթութեան համար։ Նաեւ նկա­տի ունենալով վերջին քառասուն տարիների իրադարձութիւնները, Ռուսաստանի դերը Աֆղանստանի պատերազ­մին, Խորհրդային Միութեան փլուզումը, նաեւ այն գերիշ­խանութիւնը, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները զգաց, այդ բոլորը պատճառ դարձան ու ճանապարհ բացեցին, որ Ի­րանը հասնի այսօրւայ իր կարեւոր դերին։

- Դրակա՞ն էք գնահատում Իրան-Չինաստան նոր խարսխումները։ Բազմաթիւ արաբ վերլուծաբաններ սկսել են գրել, որ մենք ականատես կը դառնանք մի նոր տեսակի Մերձաւոր Արեւելքի։ Այլ խօսքով՝ Ի­րանի դիմադրողականութեան եւ Չինաստանի ապա­գայի տեսիլքն իրար հետ մի նոր խաղ մէջտեղ կը բերեն, որի հիմքով էլ Արեւմուտքը ստիպւած կը լինի վերատեսութեան ենթարկել իր մօտե­ցումները։ Այս առումով դուք լաւատե՞ս էք. արդեօք Հայաստանն էլ կարո՞ղ է օգտւել այս նոր դաշինքից։

- Տակաւին վաղ է կարծիք յայտնելու համար այդ մասին, սակայն առաջին նախանշաններն այդ մասին են խօ­սում։ Յատկապէս որ Չինաստանը քսան-երեսուն տարւայ ընթացքին լռութեամբ հզօրացաւ։ Անշուշտ կարծում եմ, որ Հայաստանը կարող է օգտւել այս բոլորից, սակայն դեռ կանուխ է կանխատեսումներ կատարելու համար, որովհետեւ մինչեւ այժմ պարզ չէ, թէ Իրան-Չինաստան-Ռուսաստան այս «ենթադրեալ դաշինք»ի մէջ ինչպիսի՞ հունով եւ ի՞նչ հիմքերով են առաջ տարւելու համագործակցութիւնները:

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ

Երեւան

«Ժամանակ» օրաթերթ

Շաբաթ` ապրիլի 17, 2021