Էրդողանի յայտարարութիւնն այն մասին, թէ Իրանը խանգարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, ոչ միայն վերաբերում էր Իրանին, այլ տարածաշրջանի այլ երկրների, որոնք կարող են խանգարել միջանցքի բացմանը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլ. խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։
«Թուրքիան փորձում է Իրանին ազդանշան տալ, որ ինքն իր նպատակները հետապնդելու է ամենալկտի եւ բիրտ ձեւերով։ Այդ յայտարարութիւնը վկայում է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ յետոյ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացել են իրենց տիրապետութեան տակ վերցնել Սիւնիքը, սակայն Իրանը խոչընդոտել է իրեն»,- նշեց նա։
Պատգամաւորի խօսքով՝ եթէ նման միջանցք, իրօք, տրւի Ադրբեջանին, ապա Իրանի համար մի շարք վտանգներ կառաջանան։
«Իրանի ճանապարհը դէպի հիւսիս կը խափանւի, ցամաքային առումով տնտեսական կապը խանգարւում է, յետագայի ծրագրերը Հնդկաստանի եւ Հայաստանի հետ կապւած՝ նոյնպէս։ Աշխարհաքաղաքական առումով կը ստացւի, որ Իրանի հիւսիսում թուրանական պատնէշ կը ստեղծւի։ Այն աշխարհագրական եւ էթնիկ առումով վտանգ կը ստեղծի։ Էներգաշարերի հաւանական վտանգ նոյնպէս կառաջանայ»,- ասաց Բեգլարեանը։
Ըստ նրա՝ ռազմական բախման Իրանը կը գնայ վերջում․ դա ամենածայրայեղ քայլը կը լինի։
«Իրանը, հաշւի առնելով տարածաշրջանում իսրայէլական եւ արեւմտեան գործօնը, մինչեւ վերջին կէտը կը խուսափի ռազմական բախումից։ Ընդհանրապէս Իրանը փորձում է դիւանագիտական ճանապարհով լուծել խնդիրը։ Բայց այն, որ Իրանը կունենայ կամք իր անվտանգութիւնը պաշտպանելու, այս դէպքում՝ միջանցքի տրման դէմ, հաստատ է, դա կարմիր գիծ է»,- ընդգծեց Ռոբերտ Բեգլարեանը։