Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորել է Վահագն Խաչատուրեանին՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ։

Շնորհաւորական ուղերձում նախագահը Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին երեք տասնամեակի ընթացքում ձեւաւորւած եւ խորը պատմամշակութային կապերի վրայ հիմնւած բարեկամական յարաբերութիւնները համարել է ամուր հիմք երկու երկրների միջեւ համապարփակ յարաբերութիւնների ընդլայնման եւ խթանման համար, ինչպէս նաեւ՝ երկկողմ շահերի ապահովման ուղղութեամբ՝ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան ու անվտանգութեան ամրապնդելու նպատակով: Հաղորդում է «alikonline.ir»-ը: 

Նախագահը յոյս է յայտնել, որ երկու երկրների յարաբերութիւնները նոր փուլ կը թեւակոխեն՝ իրացնելով անցեալի փորձը եւ փոխադարձ կամքն ու ջանքերը:

Յիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրեանին Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրել էր մարտի 3-ին: ՀՀ նորընտիր նախագահը պաշտօնը կը ստանձնի ԱԺ յատուկ նիստում, որը կանցկացւի մարտի 13-ին: