ՀՀ էկոնոմիկայի նախարարը մարտի 3-ին ընդունել է ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առևտրի նախարար Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխաւորած պատւիրակութեանը՝ երկու երկրների միջև առևտրային յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամաւորներ, հարաւային իրանահայութեան պատգամաւոր` Ռոբերտ Բեգլարեանը եւ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տէրեանն ու Արշակ Ասլանեանը։

Ողջունելով հիւրերին՝ Վահան Քերոբեանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական յարաբերութիւնները շարունակում են զարգանալ․ 2021 թ.֊ին Հայաստանի առևտրաշրջանառութիւնն Իրանի հետ 25%-ով աճել է, եւ մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Յուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսւած հանդիպումներն արդիւնաւէտ կանցնեն եւ կը նախանշւեն նոր համատեղ նախագծեր, որոնք առաւել կը նպաստեն մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև ձեւաւորւել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի յարաբերութիւններ, եւ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպէսզի տնտեսութեան ոլորտում երկու երկրների փոխգործակցութիւնը նույնպէս հասնի նման բարձր մակարդակի։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծաւալների աւելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիւնաբերական աւանի կառուցման հնարաւորութիւնները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցւածքների բարելաւման,  բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման եւ կանոնակարգման, ինչպէս նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրոյքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկւել է նաեւ իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նւազեցման հնարաւորութիւնը։ Այս առնչութեամբ Վահան Քերոբեանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կը գործադրւեն խնդիրը կարգավորելու ուղղութեամբ։ 

Վահան Քերոբեանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եւրասիական տնտեսական միութիւնից, դիտարկել նաեւ երկու երկրների արտադրանքը դէպի երրորդ երկրներ արտահանելու հնարաւորութիւնները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեքենաշինութեան ոլորտում համատեղ նախագծերի եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ յատկապէս շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրութեան հնարաւոր կազմակերպումը։

Քննարկւել են նաև գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցության առաւել հեռանկարային ուղղութիւնները։ Այս համատեքստում Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը յատկապէս հետաքրքրւած է Հայաստանից դէպի Իրան մանր եղջերաւոր կենդանիների արտահանմամբ։