Սեպտմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցութեամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Ըստ Alikonline.ir-ի, Գրում է Tert.am-ը:

Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսն Արարատ Միրզոյեանին է յանձնել հիւպատոսական արտոնագիրը: Այնուհետեւ՝ ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է յանձնել էկզեկւատուրան: 

Կողմերը գոհունակութիւն են յայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, յատկապէս՝ վերջին շրջանի շփումների ակտիւացման կապակցութեամբ: 

Արարատ Միրզոյեանը նշել է, որ Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացումը կարեւոր եւ խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնն առաւել խորացնելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամութեան մասին: Համոզմունք է յայտնել, որ գլխաւոր հիւպատոսութիւնն իր գործունէութեամբ կը նպաստի, Սիւնիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագաւառներում առկայ ներուժի առաւել արդիւնաւէտ իրացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան հարցերին:  

Արարատ Միրզոյեանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերեալ իրանական կողմից արտայայտւող վճռական ու յստակ դիրքորոշումները: