Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետի հետ
Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Հաղորդում է «alikonline.ir»-ը:
ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղութեամբ իրականացւող սադրիչ եւ ագրեսիւ գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկութիւնը հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Նախագահ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է եւ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթիւնները պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է:
Իրանի նախագահը յիշատակել է Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Այաթ. Խամենէիի խօսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգւի, իսկ հաղորդակցութեան ուղիները պէտք է լինեն պետութիւնների սուվերենութեան ներքոյ:
Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար: