Սպահանում, երէկ՝ նոյեմբերի 19-ին, նահանգի հազարաւոր ֆերմերներ եւ քաղաքի բնակիչներ Զայանդերուդ գետի չորացած հունի վրայ բողոքի ակցիա են անց կացրել ջրի սակաւութեան պատճառով:Հաղորդում է «alikonline.ir»-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են ջրամատակարարման դադարեցումից եւ Զայանդերուդ գետի չորացումից: Նրանք պահանջել են բացել ամբարտակն ու ջուր տալ:

Յիշեցնենք, որ Սպահանում վերջին տարիներին ջրի բաշխման խնդիրը տարբեր շրջանների ֆերմերների զանգւածային բողոքի պատճառ է դարձել։ Աւելի քան 400 կմ երկարութիւն ունեցող Զայանդերուդ գետը վերջին տասնամեակներում տեղումների բացակայութեան, երաշտի եւ տարածաշրջանի գերբնակեցման պատճառով վերածւել է «սեզոնային գետի»։

Նահանգի ֆերմերները եւ Սպահան քաղաքի բնակիչները բողոքում են ջրաբաշխման սխալ քաղաքականութեան դէմ: Ըստ նրանց՝ նահանգում կենտրոնացած արդիւնաբերական հսկայ գործարանները վատնում են նահանգի ջրային ռեսուրսները՝ լուրջ խնդիրներ ստեղծելով ֆերմերների եւ Սպահան քաղաքի համար: Ոչ պակաս խնդրայարոյց է նաեւ հարեւան նահանգների, մասնաւորապէս՝ Եազդ նահանգի ջրի պահանջը Զայանդերուդի ջրային ռեսուրսների հաշւին ապահովելու հարցը:

Անդրադառնալով խնդրին, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը հաւաստիացրել է, որ խնդիրը գտնւում է Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում, եւ ինքը յանձանարարել է էներգետիկայի եւ գիւղատնտեսութեան նախարարներին անյապաղ միջոցներ ձեռնարկել խնդրի կարգաւորման համար: