Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով, Որոտան գիւղի մօտ՝ ադրբեջանցիների կողմից երկու իրանցի վարորդի ապօրինի ձերբակալմանը: Այս մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:

«ԱԳՆ-ն (Իրանի) պէտք է հետամուտ լինի՝ Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալութեան հարցին եւ Իրանի բարիդրացիական քայլերի նկատմամբ՝ չարաշահումների կանխարգելմանը: Այդ գործողութիւնները խաթարում են տարածաշրջանային ճանապարհային անվտանգութիւնը»,- գրել է Արա Շահվերդեանը:

Նա նաեւ ահազանգել է (Իրանի) ԱԳ նախարարութեանը՝ անհետեւանք չթողնել Իրանի դէմ «խաղեր» խաղալու փորձերը:

Յիշեցնենք, որ Ադրբեջանցի դիմակաւորւած ու զինւած ծառայողները Գորիս-Կապան աւտոմայրուղու Որոտանի հատւածում տեղակայւած կէտում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում` հիմնաւորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պէտք է վճարեն։ Իրանցի երկու վարորդն արդէն ձերբակալւել են: