Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել` կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամաւոր Կարօ Փայլանին, ով պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկւելու սպառնալիքի տակ է: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Տեղեկացրէք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարութիւնը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիութիւնից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թւում` @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգութեան):

Գրէք Twitter-ում`

- Amnesty International @ amnesty

- Human Rights Watch @hrw

- ԱՄՆ Պետքարտուղարութիւն` Ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ աշխատանքի բիւրոյ @ StateDRL»,- նշւում է ANCA-ի հաղորդագրութեան մէջ:

Աւելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամաւորների, այդ թւում` Կարօ Փայլանին, պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու միջնորդութիւն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցոյցերի հետ կապւած մեղադրանքով: Եթէ ընթացակարգն աւարտւի անձեռնմխելիութիւնից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննութիւն սպառնալ: