2022 թւականի յունիսի 27-ին, Ս. Ա. Վանքի 《Ս. Ներսէս Շնորհալի》 գրադարանում, հիւրընկալւեցին Մաշտոցեան Մատենադարանի աշխատակիցներ Իւետ Թաջարեանը, Գրետա Գասպարեանը եւ ԵՊՀ Արւեստաբանութեան բաժնի դասախօս Մարիամ Վարդանեանը։

Մտերմիկ հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի եւ փորձառութիւնների փոխանակում, ապագայ համատեղ ծրագրերի քննարկում, ինչպէս նաեւ գրքափոխանակում։

Պատիւ ունենք յայտնելու, որ Երեւանի Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանի ձեռամբ, գրադարանիս շտեմարանին նւիրւեց իր հեղինակած` «Մատենադարանի ղաջարական արւեստի նմուշները» գիրք-ալբոմը, որի շնորհանդէսը տեղի ունեցաւ յունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում։

Այս եզակի աշխատանքում ընդգրկւած են թւով 20 ձեռագրից մօտ 100 մանրանկարներ եւ խեժապատ ստեղծագործութիւններ: Արւեստի ներկայացւած նմուշները լիովին ընդգրկում եւ լաւագոյնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչութեան ինքնատիպութիւնը:

Հանրային Կապ
Սպահանի հայոց թեմի
Ազգային առաջնորդարանի

30 յունիսի 2022