Չորեքշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 13-ին, ՍՀԹ պատւիրակութիւնը Թեմակալ Առաջնորդի գլխաւորութեամբ, հիւրընկալեց Շւէյցարիայի Ազգային խորհրդարանի նախագահ Անդրէաս Այիբիին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը:

Հիւրերն Առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում հանդիպում ունեցան Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճէանի հետ։ Հանդիպմանը ներկայ էին Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ Նոէլ Մինասեանն ու Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Կրօնական խորհրդի փոխ-ատենապետ Տէր Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամներ Ռայեա Խուդավերդեանն ու Սաքօ Տէր Յովհաննիսեանը եւ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ՝ Վահէ Թորոսեանը: Հիւրերին բարի գալստեան խօսքերով ողջունեց Սրբազան հայրը:

Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը անդրադառնալով Իրանում հայերին տրւած մշակութային եւ կրօնական ազատութիւններին, ասաց. «Իրանի հայութիւնը 400 տարւայ անցեալ ունի՝ իր եկեղեցիներով, դպրոցներով եւ հնագոյն պատմութեամբ ու ազգային արժէքներով»:

Թեմիս Առաժնորդը իր խօսքի շարունակութեան մէջ իր մտահոգութիւնը յայտնեց Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցութեամբ: Նա նաեւ խօսեց Իրանի ջրի ճգնաժամի մասին եւ մատնանշելով հիւսիսային եւ հարաւային շրջանների համեմատ երկրի կենտրոնում ջրի պակասին, Շւէյցարիայի խորհրդարանի նախագահին եւ այդ երկրի մասնագէտներին դիմեց համագործակցել ջրի խնդիրը լուծելու հարցում:

Այնուհետեւ արտայայտւեց Պրն. Անդրէասը։ Նա նշեց, թէ համաձայն չէ Իրանի դէմ պատժամիջոցների հետ, եւ յոյս յայտնեց, որ պատժամիջոցները կը վերանան եւ երկու երկրները լիովին համագործակցութիւններ կունենան:

Նա յաւելեց. «Մենք Շւէյցարիայում խօսում ենք չորս տարբեր լեզուներով եւ ուրախալի է, որ Իրանի հայ համայնքը ազատութեամբ խօսում է մայրենի լեզւով եւ գնահատում իր լեզուն»:

Վերջում կողմերը միմեանց նւիրեցին յուշանւէրներ, որից յետոյ հիւրերն այցելեցին «Սուրբ Յովսէփ Արիմաթացի եկեղեցի», «Խաչատուր Կեսարացի» եւ «Նոր Ջուղայի Ազգագրական» թանգարաններ: