Համաշխարհային առաջին մեծ պատերազմի ընթացքում՝ 1915 թւականի յունւարին, Նոր Ջուղայի մի խումբ հայուհիներ, Հ.Յ. Դաշնակցութեան ցուցմունքով եւ հովանաւորութեամբ, կազմում են «Հ.Յ. Դաշնակցութեան Կարմիր Խաչ Միութիւն»-ը, որն այսօր կոչւում է «Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան Միութիւն»:
Միութիւնն իր հիմնադրութեան տարւանից մինչ այսօր, հաւատարիմ իր կոչմանը, անշեղ է մնացել իր սկզբունքներից եւ բարձր է պահել իր նպատակը.
Ա) Օգնել հայ չքաւոր անօգնական ընտանիքներին, ծերերին, հիւանդներին, աղէտեալներին, պատերազմից տուժած զինւորներին եւ ռազմագերիներին։
Բ) Օգնել մեր ժողովրդի ազատագրութեան համար զոհւածների ընտանիքներին։
Գ) Զօրավիգ հանդիսանալ Հայ Դատի համար տարւող աշխատանքներին եւ համագործակցել այն բոլոր կազմակերպութիւնների հետ, որոնք նման նպատակներ են հետապնդում։
Վերոյիշեալ նպատակների իրականացման համար, Միութիւնն իր նիւթականն ապահովել է անդամավճարներով, նւիրատւութիւններով, հանդէս-երեկոյթներով, բեմային ներկայացումներով, ցուցահանդէս-վաճառքով եւ այլ միջոցներով:
Նիւթի շարունակութեանը ներկայացւում է Միութեան 97-ամեայ (2012 թ.) գործունէութիւնից հատւածներ՝ առ ի ծանօթացում։
Ա.- ԳԱՒԱՌԱԿԱՆ ՈՐԲԱԽՆԱՄ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով Սպահանի հայ համայնքը եւ շրջակայ գաւառներն եւս զերծ չմնացին համատարած սովից ու տնտեսապէս ծանր վիճակից, որի հետեւանքով բազմաթիւ երեխաներ մնացին որբ:
1917 թւականին, ժամանակի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սահակ արքեպս. Այւազեանի հրաւէրով, Ս. Ամենափրկչեան Վանքում կազմւում է «Գաւառական Որբախնամ Յանձնախումբ», բաղկացած Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան եւ Հայ Կանանց Գթութեան Միութեան չորսական ներկայացուցիչներից: Սոյն Յանձնախումբն աշխատում է շուրջ երեք տարի, սակայն բարեբախտաբար, բարելաււում է Հայոց Ազգային Որբանոցի վիճակը եւ բոլոր որբերը միատեղւում են այնտեղ:
Բ.- ԿԱՐՄԻՐ ԽԱՉ ՄԻՈՒԹԵԱՆ «ԵՐԿՈՒՆՔ» ԳՐԱԴԱՐԱՆ
Միութեան «Երկունք» գրադարանն աշխատում էր «Ընթերցանութեան Յանձնախումբ»-ի յատուկ հսկողութեան ներքոյ եւ օժտւած էր շուրջ 1600 գրքով եւ կանոնաւոր ստանում էր թւով 28 օրաթերթ, ամսագիր եւ տարեգիրք, որոնցից օգտւում էին թէ Միութեան եւ թէ համայնքի անդամները:
Գրադարանը Թեմի առաջնորդ գերշ. Տ. Գարեգին արքեպս. Սարգսեանի առաջարկութեամբ եւ ժամանակի վարչութեան համաձայնութեամբ, 1965 թւականին, շուրջ 2000 գրքով եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» ամսագրի լրիւ հաւաքածուով, նւիրւեց Ս. Ամենափրկչեան Վանքի Մատենադարան-գրադարանին:
Գ.- ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Վաղ անցեալից, Միութեան վարչութեան հաստատումով, անդամուհիների համար պարտադիր էր դարձել ընթերցանութիւնը՝ հետաքրքիր եւ դաստիարակչական նշանակութիւն ունեցող պատմւածքների, յօդւածների եւ զանազան օգտաւէտ նիւթերի եւ շաբաթական նիստերի ընթացքում նրանց փոխանցումը։ Հայերէնագիտութեան դասընթացների ու մշակութային աշխատանքների կազմակերպումը տւեց իր արդիւնքը եւ անդամուհիների մէջ զարգացաւ հայերէն ճիշտ արտայայտւելն ու անսխալ գրելը: Այս սկզբունքներից ելնելով, այսօր եւս Միութեան ժողովներում անդամուհիներն զբաղւում են Հայ Դատին վերաբերող լուրերի փոխանցումով, ազգային-աւանդական տօների բացատրութիւններով, Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող իրադարձութիւններով եւ այլ հետաքրքիր տեղեկութիւններով:
Միութեան անդամուհիների կողմից ներկայացւած նիւթերի եւ դասախօսութիւնների կողքին կազմակերպւում են նաեւ տարբեր նիւթերի փոխանցում համայնքումս եղած ազգային գործիչների, մտաւորականների, հոգեւորականների, ուսուցիչների եւ բժիշկների միջոցով:
Հայ անգրագէտ կանանց համար, անցեալում Միութեան վարչութեան որոշումով «Կատարինեան» դպրոցում կազմակերպւեցին դասընթացներ, որտեղ սովորելու եկան 12 հայ կանայք:
Դ.- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Միութիւնը ժամանակին հրաւիրել է համայնքի մշակութասէր եւ թատերասէր դերասաններին եւ անցեալի դժւարին օրերին, շրջանցելով տարբեր արգելքներ, 1915-1965 թւականներին ներքին ուժերով բեմադրել է շուրջ 50, իսկ հիւրաբար համայնքս այցելած դերասան-ուհիների միջոցով՝ 20 ներկայացումներ:
Նախանձախնդիր մեր ազգային անմահ գործիչների եւ հերոսների յիշատակին ու նրանց կատարած գործերին, Միութիւնը պարբերաբար, պատշաճ ու վայելուչ կերպով ոգեկոչել է նրանց յիշատակը: Կազմակերպւել են նաեւ ազգային տօներ, յուշերեկոներ, հաւաքոյթներ, ուրախ ժամանցեր, դիմակահանդէսներ, պարահանդէսներ, ուրախ երեկոներ շրջագայութիւններ եւ այլն: Յիշւած ծրագրերից որոշները գործադրւում են մինչ այսօր:
Ե.- ԳԻՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ
Միութեան անցեալի վարչութիւնները բարձր արժեւորելով հայ դպրոցի եւ հայեցի դաստիարակութեան կենսական դերը, երկար տարիներ ուսուցիչ-ուհիներ է ուղարկել Չհարմահալ (Հաջիաբադ եւ Սինագան), Քեարւանդ (Դովլաթաբադ եւ Վերին-Քրդեր) եւ Փերիոյ (Ազնաւուլ եւ Բոլորան) հայահոծ գիւղերը: Միութիւնը հոգացել է ոչ միայն ուսուցիչների ռոճիկները, այլեւ աշակերտութեանը մատակարարել է անհրաժեշտ գրենական պիտոյքներ: Այս բոլորի կողքին Միութիւնը նիւթական օժանադակութիւններ է ցոյց տւել նաեւ յիշեալ գիւղերի գրադարանների կառուցման եւ պահպանման համար:
Զ.- ԱՐՀԵՍՏԻՑ ԵՒ ԱՐՒԵՍՏԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՃԱՌՔ
Նկատի ունենալով արհեստի եւ արւեստի բնագաւառներում մեր հայրենակիցների ունեցած յաջողութիւնները, եւ այն փաստը, որ բոլորը չեն որ կարող են ժամանակին վաճառել իրենց ձեռքի աշխատանքը, ուստի 1954 թւականից սկսեալ, ամէն տարի իրանական «Նոռուզ»-ի արձակուրդներին, երբ բազմաթիւ զբօսաշրջիկներ այցելում են Ս. Ամենափրկչեան Վանք, կազմակերպւում է ցուցահանդէս-վաճառք Առաջնորդարանի ցուցասրահում, որտեղ ցուցադրւում են զանազան հիւսւածքներ, ձեռագործեր եւ այլն:
Յիշատակի արժանի է, որ 1943 թւականին թեհրանաբնակ նոր-ջուղայեցի Արամ Աբրահամեանը, ի յիշատակ իր եղբօր՝ Ալէքսի Աբրահամեանի, 10,000 ռիալ յատկացնում է ժամանակի վարչութեանը, Միութեանը կից՝ «Աշխատանքի Տուն» անւան տակ մի բաժանմունք հաստատելու: Յետագայում այդ նպատակի համար վերոյիշեալների քոյրը՝ Մարթան Հանանեանն (Միութեան ժամանակի վարչութեան նախագահ) եւս նւիրում է 2,000 ռիալ: Վարչութիւնը գումարներն ստանալով անմիջապէս գործի է անցնում, հիմնում է «Աշխատանքի Տուն»-ը եւ նախանիւթեր գնելով՝ քաջալերում է ո՛չ միայն իր անդամուհիներին, այլեւ ոչ-անդամուհիներին՝ իրենց ձեռքի աշխատանքները պատրաստելու եւ վաճառելու համար: Այդ ձեռագործերը հաշւով եւ յաջորդական կապոցներով ուղարկւում էին Թեհրան, անդամուհի՝ Լիլիկ Ղուկասեանի միջոցով վաճառւելու նպատակով:
«Աշխատանքի Տուն»-ը, բայցի այն որ բազմաթիւ չքաւոր ընտանիքներին գործ եւ եկամուտ հայթայթեց, այլեւ Միութեան համար շօշափելի մուտք ապահովեց: Յիշեալ վայրը փակւեց 1958 թւականին, երբ այլեւս պահանջ չկար նման գործւածքեղէն գնելու:
Է.- ՆՊԱՍՏՆԵՐ ԿԱՄ ՆԻՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ
Միութիւնն իր հիմնադրութեան օրից մինչ այսօր, ելնելով իր սկզբունքներից ու նպատակներից, բոլոր բնագաւառներում ցուցաբերել է նիւթական օժանդակութիւններ: Սեղմ գծերով ներկայացնում ենք հետեւեալ պատկերը.
- Ժամանակին որբեր են որդեգրւել, հոգալով նրանց ապրուստի ծախսը։ Հարկ եղած պարագային որբուհիների համար կարւել են հագուստներ:
- Նիւթապէս օժանդակութիւն է ցուցաբերւել՝ բազմաթիւ չքաւոր, երբեմն անտէր հիւանդներին, մի շարք հայ գիւղերի գաղթականներին, վիրաւոր հայ կամաւորներին, չքաւոր հայ աշակերտ-ուհիներին, Կովկասի հայ զինւորներին, Վանի գաղթականութեանը, Թաւրիզի հայ տարագիր կարօտեալներին, Հայաստանի երկրաշարժից տուժածներին եւ աղէտեալներին, Բէյրութի աղէտեալներին, Մուսա-Դաղի հերոս հայ գաղթականներին, շատ նեղ պայմաններում եղած վաստակաւոր հայ դերասաններին, Չհարմահալ եւ Փերիա գաւառների հայոց հիւանդանոցներին, Հայաստանի հայ զինւորների զաւակներին («Ալիք» օրաթերթի միջոցով), տեղիս նորահաստատ «Մարզական Ակումբ»-ին (այժմեան Հայ Մ.Մ. «Արարատ» Միութիւն)՝ համահայկական մրցութիւններին մասնակցելու առթիւ, Մեծ Եղեռնի յուշարձանի վերանորոգման առթիւ, Նոր Ջուղայի պատանիներին՝ բանակումի կազմակերպման նպատակով, տեղիս չքաւոր կոյրերին, ջրհեղեղներից տուժած աղէտեալներին, Հայ Դատի քարոզչական աշխատանքներին, Արցախի եւ Ջաւախքի ֆոնդին:
Ը.- ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ
Միութեան հիմնադրութեան օրից մինչ այսօր, վարչութիւնների ուշադրութիւնից չեն վրիպել հայ ազգային-հասարակական բոլոր երեկոյթները, դէպքերը, հանդէսները, տօնակատարութիւնները, կրթական արժէք ունեցող տօները, որոնց մասնակցելով ցուցաբերւել է նիւթա-բարոյական օժանդակութիւններ, որոնցից կարելի է նշել.
- Հայաստանի Հանրապետութեան առաջին դեսպան՝ Իշխան Յ. Արղութեանի պատշաճ ու վայելուչ ընդունելութիւնը եւ ապագային օժանդակութիւն՝ նրա յուշարձան-տապանաքարի ֆոնդին։
- Հայաստանի Հանրապետութեան «Ոսկի Ֆոնդ»-ի հանգանակիչ մարմնին կատարւած օգնութիւնը։
- Պարսիկ հայրենակիցների բարեգործական զանազան ձեռնարկներին ցուցաբերած օժանդակութիւնը։
- Նոր Ջուղայի եկեղեցիների նորոգութիւններին յատկացրած օգնութիւնները։
- «Արշին-մալ-ալան» օպերետի բեմադրումը՝ բացառաբար կազմւած կին խաղացողներից, միմիայն պարսկուհի հայրենակիցների համար, որի հասոյթը յատկացւել է պարսկական զինւորական հիւանդանոցին։
- Մասնակցութիւն Մալխասի պատւին տրւած հաւաքոյթին։
- Միութեան անդամուհիների օժանդակութիւնը՝ ամռան արձակուրդների ընթացքում համայնքի հայ ուսանող-ուհիների մէջ ընթերցանութեան սէրը զարգացնելու նպատակով կազմակերպւած ընթերցանութեան պահերին։
- Սպահանի համալսարանի գրականութեան ֆակուլտետի Հայագիտական ամբիոնի հիմնադրութեան առաջին տարւայ ընթացքում եղած խոշոր ծախսերը հոգալու նպատակով նիւթական օժանդակութիւնը։
- Հայ գրականութեան անւանի վիպասան՝ «Րաֆֆի»-ի տան վերակառուցման ֆոնդին կատարւած նիւթական օգնութիւնը։
- Մայիս 28-ի շքերթներին մասնակցելը՝ յանձն առնելով հիւրասիրութիւնները։
- Իրանի Կանանց Գերագոյն Խորհրդի Սպահանի մասնաճիւղին անդամակցելը՝ երեքական մնայուն ներկայացուցիչներով, ընտրելու եւ ընտրւելու իրաւանքով։
- Բարոյապէս եւ նիւթապէս ակտիւ մասնակցութիւնը Սուրբ Գրքի թարգմանութեան 1500-ամեակի տօնակատարութիւններին։
- 7-14 տարեկան երեխաների համար հայերէնագիտական դասընթացների կազմակերպումը։
- Ժամանակի թեմակալ առաջնորդ՝ գերշ. Վահան եպիսկոպոսի նախաձեռնութեամբ յօգուտ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի կազմակերպւած բոլոր ձեռնարկներին գործօն մասնակցութիւնը։
- Իրանում անգրագիտութեան դէմ պայաքարելու ֆոնդին կատարած նիւթական օժանդակութիւնները։
- Հայ Դատի ֆոնդին յատկացրած նւիրատւութիւնները եւ հարիւրաւոր նման այլ նախաձեռնութիւններ ու ծրագրեր, որոնք գործադրւել են 1965 թւականից մինչ այսօր:
Թ.- ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԾԵՐԱՆՈՑ
Նոր Ջուղայում ծերանոց ունենալը վաղուց դարձել էր հրամայական, ուստի յետ խորհրդակցութիւնների ու ժողովների, Միութիւնը որոշեց հիմք դնել մի ծերանոցի: Այդ նպատակի համար, կազմակերպւած ձեռնարկներից եւ միութեան 50-ամեայ յոբելենական հանդիսութիւնից գոյացած դրամներից, 400,000 ռիալով մի ֆոնդ հիմնադրւեց:
Գործն ամուր հիմքերի վրայ դնելու նպատակով, 1969 թւականի յունւարին, խորհրդակցութեան հրաւիրւեցին Կրօնական Խորհուրդը, Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան եւ Հայ Մայրերի Միութեան ներկայացուցիչները եւ հինգ անհատ ազգայիններ, որոնցից ընտրւեց «Գործադիր Յանձնախումբ»: Հանդիպմանը, պրն. Ջանի Թունեանի կողմից, որպէս ծերանոցի վայր, առաջարկւեց իր պատրաստած «Թունեան Մանկատուն»-ը, որը հաստատւեց: Միութեան վարչութիւնը ժամանակաւոր յանձնախմբի հետ խորհրդակցաբար, շուրջ 170,000 ռիալ ծախսելով, կատարեց անհրաժեշտ նորոգութիւնները եւ փոփոխութիւնները՝ վայրը վերածելով ծերանոցի: Կարճ ժամանակւայ ընթացքում ընդունւեցին հինգ ծերեր, որոնց թիւը շատ շուտով բարձրացաւ 11-ի: Ծերանոցի բացումը կատարւեց 1970 թւականի սեպտեմբերի 4-ին, որտեղ նաեւ մեծ շուքով տօնւեց Միութեան հիմնադրութեան 55-ամեակը:
Ժամանակի ընթացքում յիշեալ ծերանոցն այլեւս չէր բաւարարում օր ըստ օրէ աճող ծերերի դիմումներին։ Վարչութիւնը, նախագահութեամբ Լուիզա Ալլահվերդեանի, դիմեց Թեմական Խորհրդին՝ իր ազգապատկան հողամասերից մէկը տրամադրելու նպատակով։ Մինչ այդ Մարգարիտ Խաչանեանն աւելի շուտ ձեռնամուխ եղաւ եւ Նազար պողոտայում գտնւող 816 մետրանոց իր սեփական հողամասը նւիրեց Հայ Կանանց Գթութեան Միութեանը՝ ծերանոց կառուցելու եւ դրանով իր ծնողների յիշատակը յաւերժացնելու համար:
1972 թւականի դեկտեմբեր 29-ին, գերշ. Տ. Գարեգին արքեպս. Սարգիսեանի նախագահութեամբ եւ քահանայից դասի, համայնքի ազգային մարմինների, միութիւնների վարչութիւնների, ծերանոցի ժամանակաւոր յանձնախմբի եւ Միութեան բոլոր անդամուհիների ներկայութեամբ կատարւեց հիմնօրհնէքը նոր ծերանոցի, որտեղ նաեւ եղան սրտաբուխ նւիրատւութիւններ: Շինարարութիւնը տեւեց 5 ամիս եւ շէնքի բացումը կատարւեց 1973 թւականի մայիս 7-ին, ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Խորէն Կաթողիկոսի:
Տեղին է յիշել, որ ծերանոցի կառուցման ծախսի մեծ մասը գոյացել է Միութեան անդամուհիների նւիրատւութիւններից եւ Միութեանը պատկանող բնակարանի վաճառքից: