ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Նոր Ջուղայի Հայոց Ազգ. «Կատարինեան» դպրոցը հիմնւել է Մանուկ Յորդանանեանի նիւթական միջոցներով եւ օրւայ թեմակալ առաջնորդ՝ Թադէոս Արքեպիսկոպոս Բէգնազարեանի առաջարկութեամբ:

1858 թւականի Օգոստոսին, առաջին անգամ Նոր Ջուղայում բացւում է Ս. Կատարինեան ազգային օրիորդաց դպրոցը, յատկապէս իգական սեռի կրթութեանը նւիրւած մի հաստատութիւն, որ այդ ժամանակներում, բոլոր հայաբնակ կենտրոնների համար, կարելի է ասել հազւագիւտ եւ խորթ բան է լինում:

1892 թւականին նորեկ առաջնորդ Եսայի արք. Աստւածատրեանը վճարելով Ազգային Կենտ. Դպրոցի պարտքը, աւարտում է նաեւ նոյն դպրոցի հսկայ շինութիւնը եւ ստորին դասարաններում հնուց մնացած գրաբար հայերէնի տեղը մտցնում է մայրենի լեզւի դասաւանդումը: Յետոյ զգալով ժամանակի պահանջները եւ քաջ ըմբռնելով, որ Մանուկ Յորդանանեանի կտակած գումարի տոկոսներով Ս. Կատարինեան օրիորդաց դպրոցը երկար ժամանակ չի կարող իր գոյութիւնը պահպանել, ուստի նիւթապէս միացնում է նրան Ազգ. Կենտրոնատան Դպրոցի հետ եւ անւանում «Նոր Ջուղայի ազգային երկսեռ դպրոցներ»:

Յետագային, Սբ. Կատարինեան օրիորդաց դպրոցի սանուհիների թւի աւելացման եւ դասարանների անյարմարութեան պատճառով, անհրաժեշտ է նկատւում ունենալ մի առանձին շէնք: Օրւայ առաջնորդ Մաղաքիա Եպսկ. Տէրունեանի ջանքերով կատարւում է հանգանակութիւն Նոր Ջուղայում, Հնդկաստանում եւ Ջաւայում, որով հաւաքւում է 4000 թուման: Այդ գումարով 1900 թւականին, Մանուկ Յորդանանեանի հիմնած դպրոցի 42-րդ տարում, կառուցւում է այժմեան Ս. Կատարինեան օրիորդաց դպրոցը, որի դահլիճում փակցւում է մի մարմարեայ արձանագիր Մանուկ Յորդանանեանի անունով, որպէս յիշատակ նոյն դպրոցի նախկին հիմնադրի: Իսկ օրիորդաց նախկին դպրոցն իր ամբողջ կազմով, իր բոլոր սարք ու կարգով Կուսանաց վանքի նկուղներից փոխադրւում է այս նոր կառուցւած առանձին դպրոցը:

Շէնքն ունի երկու բակ, որի արեւմտեան բակի շուրջ գտնւում են դասարանները, իսկ արեւելեան կողմում՝ փոքր խաչաձեւ սրահը, մի գմբէթով ու խաչով: Սրահի պատերի ներքին մասերը զարդարւած են գեղեցիկ ու գունաւոր յախճապակիներով:

1908 թւականին, թեմական վերատեսուչ Բագրատ Վրդ. Վարդազարեանի նախաձեռնութեամբ, մեծ շուքով տօնւել է այս դպրոցի հիմնադրութեան 50-ամեակը:

1903 թւականին կառուցւում է Գէորգ Քանանեան դպրոցը, Ս. Կատարինեան դպրոցին կից՝ արեւմտեան կողմում: Այս նորակառոյց շէնքում է հիմնւում մանկապարտէզն ու դպրոցը:

Յետագային Նոր Ջուղայի ազգային դպրոցները դառնում են երկսեռ եւ բացւում է նաեւ միջնակարգ բաժինը:

Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ Ս. Կատարինեան ազգային դպրոցը յատկացւում է տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ բաժիններին:

Մինչեւ 2009 թւականը Ս. Կատարինեան դպրոցի հինաւուրց շէնքում էին կրթւում ու դաստիարակւում հայ ազգի որդիները, իսկ Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի որոշումով կառուցւում է Ն. Ջ. Հայոց Ազգային Կրթահամալիրը:

Հայոց ազգային դպրոցների բոլոր բաժինները սկսեցին 2010-2011 ուսումնական տարեշրջանը կրթահամալիրի նորակառոյց շէնքում: