Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնւում է Փոքր Մէյդան թաղում, Հաքիմ Նեզամի պողոտայից բաժանւող «Փոքր Մէյդան» (Մէյդան Քուչէք կամ Շիրախանի փողոց) փողոցի վրայ, որին միանում է մի նեղ ու երկար միջանցքով։ Կառուցւել է 1633 թւականին, Խոջա Մինասի եւ ժողովրդի ծախսով, որի պատճառով էլ կոչւել է նաեւ «Փոքր Խոջենց ժամ»։

   Եկեղեցին ունի փոքր շէնք, երեք մուտքերով, գլխաւորները՝ արեւմտեան ու հարաւային, իսկ մի փոքր դուռ էլ՝ հարաւային դասի մօտից։ Շէնքն ունի երկարաւուն ձեւ, երեք կամարի ներքոյ, որոնցից երկուսը ժողովրդեան մասի վերեւում են, իսկ մէկը՝ դասի վերեւում։ Գլխաւոր գմբէթը գտնւում է ժողովրդեան մասի դասին կից, որն ունի ութը փոքր պատուհան։ Գմբէթը թէեւ փոքր, բայց Ս. Ներսէս եկեղեցուց յետոյ, երկրորդ գմբէթն է, որ կառուցւել է հայկական ոճով՝ սրագմբէթ եւ ոչ թէ պարսկական ոճով՝ կլոր, ինչպէս որ մզկիթների գմբէթներն են։

 

   Եկեղեցին ժողովրդեան մասի սկզբում ունի վերնայարկ-պատշգամբ, ինչպէս եւ դրանից դէպի արեւելք աջ եւ ձախ կողմերում, որտեղ անցեալում նստել են հարս ու աղջիկները։ Դասն եւս շատ փոքր է։

   Եկեղեցու կառուցման թւականը յայտնի չէ, բայց Ջուղայի պատմագիրը գրել է 1729, որը հաւանական չի թւում, քանի որ այդ օրերը զուգադիպում է աֆղանների տիրապետութեան տարիներին, երբ ոչ միայն Ջուղան, այլ ամբողջ Պարսկաստանը գտնւում էր շատ նեղ կացութեան մէջ, ուստի մեզ շատ հաւանական է թւում Յովհաննէս Ա. քհնյ. Խաչիկեանի «Գաւազանագիրք»-ի մէջ յիշւած 1633 թւականը, մանաւանդ որ եկեղեցու մատուռը կառուցւել է 1714 թւականին, ուրեմն եկեղեցին չէր կարող մատուռից յետոյ կառուցւած լինել, բացի այդ, մատուռի կառուցման թւականից աւելի հին թւականով տապանաքարեր կան եկեղեցու բակում։

   Եկեղեցու բակում գտնւեց մի տապանաքար, որ պատկանում է Խոջա Մինասի մեծ որդու՝ Քանանի կնոջը՝ Սամբարին եւ ունի 1722 թւականը, ուր ասւած է. «Կողակից է սա Քանանի, մեծ որդուն Խոջա Մինասի, Ս. եկեղեցուս շինողի»։ Այս գրութեամբ պարզւում է, որ եկեղեցին կառուցւել է 1722 թւից առաջ Քանանի հօր՝ Խոջա Մինասի կողմից։

   Եկեղեցին ունեցել է որմանկարներ, որոնք ծածկւել են նորոգութիւնների ժամանակ։ Վերջին տարիներում, երբ կրկին նորոգւում էր եկեղեցին, մի երկու որմանկար բեմի որմերից հանւեցին գաճերի տակից։ Այդ նկարներից աջ կողմինը Աստւածածնի աւետումն է, որի ներքեւում գրւած է. «Յիշատակ է Տէր Յարութիւնին եւ իւր կողակից Եաննաուն 175 (1790)»։ Ձախ կողմի որմանկարը ցոյց է տալիս մի քահանայ, որ չոքել է մի ամանի առջեւ, իսկ Յիսուսը նստել է աթոռի վրայ եւ խաղողի ճիթը ճմլում է սկիհի մէջ, վերից իջնում է Ս. Հոգին, խորքում երեւում է Աստւած, ամպերի միջից։ Նկարի ներքեւում գրւած է. «Ջուր մաքրութիւն մեղաց, Արիւն հաղորդութիւն սրբոց»։ Բեմի աջ եւ ձախ կողմերում կան մէկական զինւորի պատկեր։ Մէկ որմանկար կայ նաեւ ժողովրդեան մասում, որը ապացոյց է, որ եկեղեցին եղել է նկարազարդ։ Սեղանի աստիճանների արտաքին մասերը արծաթապատւած են, որոնք ամրացւած են փայտեայ տախտակների վրայ, որ պատկերում են խաչազարդեր, ծաղկանկարներ եւ այլն։ Արծաթապատումի տակ կայ նախկին փայտեայ աստիճանները, որոնք ամբողջութեամբ նկարազարդւած են խաչերով ու ծաղիկներով։ Աստիճանների կենտրոնական մասերում կան պատկերներ, որոնք ներկայացնում են ներքեւինը՝ Սկիհը նշխարով եւ Ս. Հոգին, որին բռնած պահում են երկու հրեշտակներ, միջինը՝ Խաչելութիւնն է, իսկ վերջինը՝ Համբարձումը։

   Սեղանի խաչկալը ներկայացնում է Աստւածածինը՝ Յիսուսը գրկին, կանգնած կիսալուսնու վրայ, իսկ կողքերին՝ հրեշտակներ։ Բեմի արեւելեան պատի վրայ, ունեցել է մի խաչաձեւ պատուհան, Ս. Բեթղեհէմ եկեղեցու նման, որ յետոյ փակւել է։ Եկեղեցին ունի մի փոքր զանգակատուն կառուցւած տանիքի վրայ, հարաւ-արեւմտեան կողմում, փոքր գմբէթով, զարդարւած յախճապակեայ սալիկներով։ Եկեղեցու հարաւային գլխաւոր մուտքի առջեւ կայ երկու սիւնով փայտեայ ծածկոց, ուր անցեալում հաւատացեալները հանում էին իրենց կօշիկները։ Եկեղեցին ունի նաեւ մի փայտազարդ գեղեցիկ դռնով մատուռ (ամռան եկեղեցի), որը կառուցւել է 1714 թւականին, Խոջա Մինասի թոռ եւ Խոջա Քանանի որդու՝ Թարխանի կողմից։ Մատուռի արտաքին ճակատը արեւմտեան կողմում, ունի գեղեցիկ աղիւսապատ կամարներ եւ փայտեայ վանդակահիւս դռներ ու պատուհաններ։ Անցեալում մատուռի առջեւ կար պատշգամբ, փայտեայ հաստ սիւներով։ Մատուռի ներսը, թէ Սեղանի եւ թէ առջեւի մասերում, շուրջանակի 1.15 եւ 1.95 մեթր բարձրութեամբ, զարդարւած է գունաւոր յախճապակիներով։ Բեմի առջեւ ունի կամարատաշ քարեր։ Սեղանի աստիճանները փայտեայ են եւ նկարազարդ։ Բեմի վերեւում կան մի քանի գաճեայ բարձրաքանդակ հրեշտակներ, իսկ առաստաղին կայ որմանկար, շուրջը արձանագրութիւնով։

   Մատուռն ունի մի փոքր գմբէթ՝ ութը փոքր պատուհաններով։

   Եկեղեցու բակի արեւմտեան կողմում կան մի քանի սենեակներ եւ երկրորդական մի փոքր բակ։ Եկեղեցու բակում կան մեծ թւով տապանաքարեր, որոնցից երկուսը, որ առնչւում են եկեղեցու կառուցմանը եւ աֆղանների միջոցով տեղի ունեցած սպանութիւններին.

1)

«Թվն փոքր ՃԷ (1722) ովդան Ա.

Այս է տապան դամբարանի,

Մեծահաւատ կինս այս բարի,

Սամբարս դուստր է Սուքիասի,

Կողակից է սա Քեանանի,

Մեծ որդուն Խոջա Մինասի,

Ս. կեղեցուս շինողի,

Խնդրեմք յիշէք տուք ողորմի»։

2)

«Այս է տապանս Փանոսի,

Անմեղ մանկան նահատակի,

Կրտսեր որդին Խօջամալի,

Խելօք տղայս քաղցր եւ բարի,

Կսկիծ եթող եղբարց սրտի,

Փոքր թվ ՃԷ-ի (1722),

Նախայ ամսի մին (-ի)»։

   Եկեղեցում կան մօտ երկու տասնեակից աւելի խաչքարեր, որոնցից մի քանիսն ունեն 1641, 1643 եւ 1646 թւականները։ Եկեղեցու հարաւային գլխաւոր մուտքի երկու կողմերում եւս, կան մէկական խաչքարեր, յիշատակ Տէր Դաւթին եւ Տէր Յարութիւն Յակոբեանին, որոնք կրում են 1735 եւ 1809 թւականները։

01 Grigor Lusavorich.JPG 02 Grigor Lusavorich.JPG 03 Grigor Lusavorich.JPG