Աղբիւր՝ www.alikonline.ir

Իրանում ՀՀ դեսպանատան նախաձեռնութեամբ նշւեց Հայաստանի վերանկախացման 25-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սեպտեմբերի 21-ին Հայաստանում եւ աշխարհի բոլոր այն երկրներում, ուր գործում են Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւններ, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 25-րդ տարեդարձը:

Այդ կապակցութեամբ, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը նախաձեռնել էր 25-ամեակին նւիրւած միջոցառում՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում:

Միջոցառում, որն իրենց ներկայութեամբ պատւել էին իրանահայ երեք թեմերի հոգեւոր ու ազգային ներկայացուցիչները, Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ եւ դեսպանատների դիւանագիտական կազմեր, Իրանի պետական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը եւ մեծ թւով հրաւիրեալներ:

Օրւայ միջոցառումը մեկնարկեց ՀՀ-ի եւ ԻՀՀ-ի պետական հիմներով, որոնք կատարեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած «Մաշտոց» քառաձայն երգչախումբը:

Ապա հիւրերին ողջոյնի խօսք ուղղեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Դեսպանը նախ անգլերէնով անդրադարձաւ օրւայ միջոցառմանը, ապա հայերէնով խօսեց Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային նշանակութեան վարած քաղաքականութեանը:

Նա ընդգծեց. «Ուզում եմ մի կարեւոր յայտարարութիւն անել՝ մեր պետութեան քաղաքականութիւնը Լեռնային Ղարաբաղի կապակցութեամբ մնում է նոյնը՝ Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը, որն այլընտրանք չունի: Մեր դէմ հնարաւոր չէ ելնել զէնքով, եւ մեզ հետ հնարաւոր չէ խօսել ուժի դիրքերից»:

Դեսպանը անդրադառնալով աշխարհի զանազան երկրների հետ Հայաստանի ռազմավարական նշանակութեան յարաբերութիւններին՝ կարեւորութեամբ խօսեց Հայաստանի եւ իր հարեւանների, ի դէմս Իրանի եւ Վրաստանի հետ բարիդրացիական յարաբերութիւնների մասին՝ նշելով, որ ՀՀ-ն շատ լուրջ գործընկերային յարաբերութիւն ունի Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ, որը Հայաստանի լաւագոյն բարեկամն է»:

Դեսպան Թումանեանը իր ելոյթի աւարտին հրաւիրեց արտայայտւելու Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ պրն. Մահմուդիին: Պրն. Մահմուդին իր ելոյթի ընթացքում Իրանի կառավարութեան անունից շնորհաւորելով ՀՀ Անկախութեան 25-ամեակը կարեւորութեամբ անդրադարձաւ երկու երկրների բարիդրացիական եւ սերտ յարաբերութիւններին, նշելով, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնը կարող է խորհրդանիշը հանդիսանալ այլ երկրների հետ յարաբերութիւնների համար:

Նա անդրադարձաւ երկու երկրների քաղաքա-տնտեսական եւ մշակութային զարգացող յարաբերութիւններին եւ աւելացրեց, որ երկու երկրների առւետրա-տնտեսական յարաբերութիւնների մակարդակը չեն համապատասխանում փոխադարձ քաղաքական, մշակութային ու պատմական սերտ յարաբերութիւններին: Նա նշեց, որ Իրանի Էներգետիկայի նախարարութիւնը, որպէս երկու երկրների համատեղ յանձնաժողովի իրանական կողմի պատասխանատու, լրջօրէն մտադրւած է յարաբերութիւնների զարգացման համար՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի փոխադրման 3-րդ գծի, Իրան-Ռուսաստան-Հայաստան-Վրաստան էլեկտրացանցերի միացման, Հայաստան գազի արտահանման ծաւալները մեծացնելու եւ հիւսիս-հարաւ մայրուղու շուրջ տարւող բանակցութիւններին:

Յատկանշական է, որ օրւայ միջոցառման գեղարւեստական բաժնում երգերի կատարմամբ հանդէս եկան Թենի եւ Թելմա Յակոբեանները եւ Արմէն Ասատրեանը:

Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն: