Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արձագանգել է Մշոյ Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին վերականգնելու հարցով Սասունի հայերի սոցիալական փոխօգնութեան եւ մշակութային համերաշխութեան միութեան ներկայացրած դիմումին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիէթ» պարբերականը: Սասունի հայերի սոցիալական փոխօգնութեան եւ մշակութային համերաշխութեան միութիւնն աւելի վաղ դիմում էր ներկայացրել մեջլիս՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցու վերականգնման եւ վանական համալիրի տարածքն ազատելու համար: Միութեան նախագահ Ազիզ Դաղջընը յայտնել է, որ թուրքական մեջլիսից եկած պատասխանում նշւում է, որ եկեղեցու ներկայ վիճակի պատասխանատուների դէմ հետաքննութիւն սկսելու պահանջ է ներկայացւել:

Սասունի հայերի սոցիալական փոխօգնութեան եւ մշակութային համերաշխութեան միութեան ղեկավարը յիշեցրել է հայկական վանքի կարեւորութիւնն ու պատմական արժէքը, մինչդեռ ներկայում դրա տարածքում կայ 48 տուն եւ վեց յարդանոց: Դաղջընը նշել է, որ իրենք շարունակելու են իրաւական պայքարը Մշոյ Սուրբ Կարապետի տարածքն ազատելու եւ այն վերականգնելու ուղղութեամբ: «Մշոյ Սուրբ Կարապետ վանական համալիրում այլ կառոյցների գոյութիւնը վիրաւորանք է հայ համայնքի ուխտատեղի մեր եկեղեցու նկատմամբ: Ոչ ոք չի կարող ընդունել այդ վիրաւորանքը»,- ասել է Դաղջընը: