Աղբիւր՝ www.tert.am

 

Չնայած Դիարբեքիրում, Վանում եւ Կեսարիայում հայկական եկեղեցիների առկայութեանը՝ Պոլսոյ հայոց պատրիարքարանի կողմից հոգեւորականներ չեն ուղարկւում, եւ այդ եկեղեցիներից ոչ մէկում կանոնաւոր Պատարագ չի մատուցւում:

Ինչպէս տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Ստամբուլի եկեղեցիներից եւ Իսկենդերունի (Ալեքսանդրիայի) եկեղեցուց բացի՝ որեւէ այլ եկեղեցում հոգեւորական չկայ:

Անատոլիայի իսլամացած հայերից շատերը թէեւ ստիպուած են եղել ապրել իրենց նոր ինքնութեամբ, սակայն արմատներին վերադառնալ եւ իրենց պապերի մշակոյթն ապրեցնել են ցանկանում:

Նրանց հիմնական խոչընդոտը, սակայն, Անատոլիայում կանգուն մնացած եկեղեցիներում հոգեւորականների բացակայութիւնն է:

Ստամբուլի եկեղեցիներից բացի միակ եկեղեցին, որը շարունակում է գործել եւ հոգեւորական ունի, Ալեքսանդրիայի «Ս. Քառասուն Մանկաց» եկեղեցին է, որտեղի հոգեւոր հայրն Աւետիս Թաբաշեանն է:

Եւս երկու հոգեւորական շրջում է Անատոլիայի հայկական եկեղեցիներում եւ Պատարագ մատուցում ժամանակ առ ժամանակ:

Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանն ի պատասխան այդ հարցի՝ «Ակօս»-ին ասել է. «Չենք կարող ասել, որ Անատոլիայում պատարագներ չեն լինում: Տէր Գրիգոր Դամաթեանն անցեալ շաբաթ Էլազիգում էր, իսկ այս շաբաթ՝ Սըւասում»:

Անատոլիայի հայերը, սակայն, կարծում են, որ այս եկեղեցիներում պէտք է մշտապէս հոգեւորական լինի:

Անցեալ տարի հիմնադրուած Տարօնի Մուշի հայերի միութեան ղեկավար Արմէն Գալուստեանը քննադատում է պատրիարքարանին:

«Դիարբեքիրը կարեւոր կենտրոն է եւ Անատոլիայի շատ շրջաններից մէկ ժամուայ հեռաւորութեամբ է գտնւում: Մարդիկ շաբաթուայ վերջին հանգիստ կարող են հասնել Դիարբեքիր: Միայն այստեղ չէ, Վանում էլ պէտք է հոգեւորական լինի, եթէ ոչ ամէն շաբաթ, ապա գոնէ ամիսը երկու անգամ Պատարագ պէտք է մատուցուի: Բաթմանում, Մուշում, Կեսարիայում բնակուող շատ հայեր կան: Այդ մարդիկ իրենց ինքնութեանն են վերադարձել, եւ, հետեւաբար, ցանկանում են ապրեցնել իրենց ինքնութիւնը: Դրա համար եկեղեցիները շատ կարեւոր են»,- ասել է նա: