Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նիդերլանդների խորհրդարանը (Հոլանդիա) քւէարկութեան արդիւնքներով ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարութեան մէջ մտնող «Քրիստոնէական միութիւն» կուսակցութեան անդամ Ջոել Ֆորդեւինդի ներկայացրած Հայոց ցեղասպանութեան երկու բանաձեւերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայի նախագահ Մաթօ Հախւերդեանը:

«Բանաձեւերի քւէարկութիւններին կողմ հանդէս եկան գրեթէ բոլոր խմբակցութիւնները. դէմ քւէարկեց միայն փոքրաթիւ խմբակցութիւններից մէկը, որի երեք անդամներն էլ ազգութեամբ թուրք են: Բանաձեւերն ընդունւեցին 142 կողմ ձայներով»,- ասաց Հախւերդեանը:

Առաջին բանաձեւով վերահաստատւում է Նիդերլանդների կողմից 2004 թւականին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրւելու է կառավարութեանը նախարարի մակարդակով հինգ տարին մէկ անգամ ապրիլի 24-ին այցելել եւ յարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: