Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի քրդամէտ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան (ԺԴԿ- HDP) հայ պատգամաւոր Կարօ Փայլանը հետաքրքրւել է արտգործնախարարութեան արխիւների ճակատագրով:

Ըստ Ermenihaber-ի` Թուրքիայում լոյս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի համաձայն` արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուին ուղղւած գրաւոր հարցմամբ Փայլանը մասնաւորապէս ցանկացել է իմանալ, թէ ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիւների թւայնացման աշխատանքները, եւ արդեօ՞ք փաստաթղթերի մի մասը վնասւել, ոչնչացւել է:

Հայ պատգամաւորը նաեւ փորձել է պարզել, թէ կա՞ն այդ արխիւներում Հայոց ցեղասպանութեան ժամանակաշրջանն ընդգրկող (մինչեւ 1919թ.) փաստաթղթեր: 

Փայլանը յիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արւած յայտարարութեան համաձայն` մինչեւ 2015թ. պէտք է  թւայնացւէր նախարարութեանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ, սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն աւարտւել:

«Եթէ նոյնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիւը նշանակւած ժամկէտում չի բացւել, նաեւ տեղեկութիւններ են ստացւել, որ այդ արխիւի աշխատակիցների մի մասը հեռացւել է աշխատանքից` գիւլենական լինելու մեղադրանքով, իսկ այդ ընթացքում արխիւային փաստաթղթերի մի մասը ոչնչացւել է: Բացի այդ` լուրեր են ստացւել, որ արխիւի հետ կապւած աշխատանքներն արդէն բաւական ժամանակ դադարեցւել են, իսկ շէնքը, որտեղ գտնւում են փաստաթղթերը, լցւել է ջրով, ինչի արդիւնքում արխիւը մեծ վնասներ է կրել»,- նշել է պատգամաւորը:

Փայլանը գրաւոր հարցման մէջ բարձրացրել է հետեւեալ հարցերը. 

-Արդեօ՞ք շարունակւում են արխիւների թւայնացման աշխատանքները, այս պահին նախագիծը ի՞նչ փուլում է, թւայնացման աշխատանքների ո՞ր մասն է աւարտւել:

- Ինչո՞ւ արխիւները չբացւեցին նախատեսւած ժամկէտներում:

- Ե՞րբ կաւարտւեն գաղտնի համարւող փաստաթղթերի գնահատման աշխատանքները, եւ ե՞րբ դրանք հասանելի կը դառնան ուսումնասիրողներին:

- Ճի՞շտ են լուրերն այն մասին, թէ աշխատակիցները ոչնչացրել են արխիւի մի մասը: Եթէ դա ճիշտ է, ապա արխիւի ինչքա՞ն մասն է ոչնչացւել: Յայտնի՞ է, թէ յատկապէս որ փաստաթղթերն են ոչնչացւել:

- Արդեօ՞ք ճիշտ է, որ արխիւի շէնքը լցւել է ջրով եւ փաստաթղթերը վնասւել են: Եթէ դա ճիշտ է, ապա փաստաթղթերի ո՞ր մասն է վնասւել ու դարձել օգտագործելու համար ոչ պիտանի:

- Ինչո՞ւ է արխիւի փաստաթղթերի ժամանակագրութիւնը սկսւում 1919թ.-ից:

- Թէեւ նշւում է, որ այդ արխիւը սկսւում է 1919թ.-ից, որոշ պաշտօնեաներ յայտնում են, որ արխիւում կան նաեւ փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչեւ 1919թ. -ն ընկած ժամանակահատւածին: Արդեօ՞ք այդ արխիւում կան նաեւ օսմանեան շրջանի արտգործնախարարութեանը (Osmanlı Hariciye Nezareti) պատկանող փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարութեան օսմանեան արխիւում: