Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամեակին նւիրւած բարեգործական ճաշկերոյթին ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:

Հայ Դատի ԱՄՆ յանձնախումբը յայտնում է, որ երեկոյի ընթացքում Էլթոն Ջոնը ասել է. «Ոչինչ մոռացւած չէ, դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեան ժամանակ»: Երեկոյի ընթացքում հանգանակւել է ռեկորդային 7 մլն ԱՄՆ դոլար:

«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը համեստ հայ դեղագործ է, որը թողել է իր գիւղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսումնասիրելու բժշկութիւն: Քրիսն ամերիկացի ֆօտոլրագրող է, որը եկել է այդ երկիր, որպէսզի մասնակիօրէն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, եւ յարաբերութիւնների մէջ է տաղանդաւոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական յիշողութիւնը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցութեան պատճառ երկու տղամարդկանց միջեւ: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանեան Կայսրութեան սահմաններում ապրող փոքրամասնութիւններին, չնայած առկայ կոնֆլիկտին`իւրաքանչիւրը պէտք է ելք փնտրի փրկւելու համար: