Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՄՆ նախագահի  թեկնածուները պէտք է արտայայտեն իրենց յստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ: Այս մասին յայտարարել է անկախ հետազօտող, Զօրեան ինստիտուտի ցեղասպանութիւն եւ մարդու իրաւունքների համալսարանական ծրագրի անդամ եւ Ցեղասպանագիտութիւն միջազգային ամսագրի նախկին խմբագիր Սամուէլ Տոտենը Զօրեան ինստիտուտի պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում:

«ԱՄՆ-ն տասնամեակներ շարունակ խուսափել է Հայոց ցեղասպանութեան ճանաչումից եւ շարունակում է դա անել` ելնելով քաղաքական նպատակայարմարութիւնից: ԱՄՆ-ի նման դիրքորոշումը ուղիղ հակառակն է Գերմանիայի օրինակին: Յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ոչ միայն ընդունեց իր իսկ ազգի ներգրաււածութիւնը 1915 թւականի դէպքերին, այլեւ անւանեց մարդկութեան այս ողբերգութիւնն իր անունով` ցեղասպանութիւն: Բունդեսթագի քւէարկութիւնը պէտք է ծառայի որպէս վառ օրինակ միւս ազգերի համար, որոնք դեռեւս նոյն դիրքորոշումն ունեն, ինչ ԱՄՆ-ն»,-ասել է նա:

Ցեղասպանագէտի խօսքով` ԱՄՆ այժմեան կառավարութիւնը պէտք է օրինակ վերցնի անցեալից:

«Այն կարող է որդեգրել արժէքներ իր նախնիներից, մասնաւորապէս, դեռեւս ցեղասպանութեան տարիներին Օսմանեան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուից, ով տեղեկացրել էր այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին հայերի սպանդի մասին: Այդ ժամանակներից ի վեր Մորգենթաուն եւ ԱՄՆ կառավարութիւնը սկսեցին աշխատանքներ տանել տարբեր ուղղութիւններով:  Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ այդ մեծածաւալ ջանքերն ուղղւած էին  միլիոնների հասնող դրամահաւաքների կազմակերպմանը եւ դրանց տրամադրմանը կարիքաւորներին: Այլ խօսքերով` ԱՄՆ կառավարութիւնը եւ ամերիկացիները հրաժարւում էին լինել հայերի բնաջնջման կողմնակիցները: Նրանք հրաժարւում էին հերքել այդ պատմական իրողութիւնը»,-նշել է նա:

Սամուէլ Տոտենի կարծիքով`  ԱՄՆ այժմեան դիրքորոշման պատճառը թերեւս Թուրքիայի ճնշումներին տուրք տալն է:

«Հայոց ցեղասպանութեան ճանաչումը այժմ արդէն ԱՄՆ-ի համար պարզապէս բարոյական հարց չէ, այլ երկրի արժանահաւատութեան: Ինչպէս կարող է ԱՄՆ-ն դատապարտել այլ երկրներում իրականացւող մարդու իրաւունքների խախտումները, կիրառել պատժամիջոցներ, երբ այն չի կարող ազնւօրէն առերեսւել անվիճելի պատմական փաստին: Նախագահ Օբամայի համար ուշ չէ փրկել իր համբաւը եւ արժանահաւատութիւնը երկրի հանդէպ` միջազգայնօրէն ճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը: Սա է ճիշտ ժամանակը»,-ընդգծել է Սամուէլ Տոտենը: