Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Վարշաւայում եւ ի թիւս այլ հարցերի քննարկել Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունման հարցը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալութիւնը:

Հանդիպումը նախատեսւած 45 րոպէից աւել է տեւել: Թուրքիայի նախագահականին մօտ կանգնած աղբիւրը յայտնել է, որ Էրդողանն իր հիասթափութիւնն է յայտնել Մերկելին` կապւած Բունդեսթագում ընդունւած բանաձեւի հետ: Նոյն աղբիւրի համաձայն` Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ «կանի առաւելագոյնը` վստահեցնելու, որ այդ դէպքը չի վնասի թուրք-գերմանական յարաբերութիւններին»:

Թուրքական աղբիւրը յայտնում է նաեւ, որ Մերկելն Էրդողանի հետ քննարկել է գերմանական պատւիրակութիւնը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայ թոյլ չտալու միջադէպի մասին:  Էրդողանը խոստացել է ուսումնասիրել գերմանական կողմի դիմումը:

Կողմերը խօսել են նաեւ սիրիական ճգնաժամի, փախստականների հարցի մասին:

Մերկելը հանդիպումից յետոյ լրագրողներին տւած կարճ հարցազրոյցում կառուցողական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հանդիպումը:

Reuters-ը յիշեցնում է, որ Վարշաւայում երկու երկրի ղեկավարների հանդիպումն առաջինն է Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունումից եւ դրանով պայմանաւորւած թուրք-գերմանական յարաբերութիւններում լարւածութեան աճից յետոյ: