Աղբիւր՝ www.yerkir.am

 

Կ. Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է յղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակի թարգամանությունը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի նախագահ

Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում:

Թուրքիայի հայոց պատրիարքարանը կրոնական կառույց է, որը կատարյալ ձևով   իրականացնում է պետության առջև ստանձնած իր պարտավորությունները, դրա հետ կապված է քաղաքացիական կապերով և իր համար կարգախոս է դարձրել իրեն այս երկրի ժողովրդից տարբերվելու բարդույթից ազատված, հարկ եղած դեպքում օրենքի ու կանոնի շրջանակներում իր իրավունքները ճանաչող քրիստոնյա հայ` Թուրքիայի քաղաքացիների զգացմունքների «թարգմանիչ» լինելը:

Հայրապետական մարմինը գիտակցում է, որ ոմանց դուր չի գա, ավանդույթը պահպանելով, հավասարակշիռ կեցվածք ցուցաբերելը: Այս սուրբ պաշտոնում պաշտոնավարած մեր երջանկահիշատակ պատրիարքները պատմության էջերն են անցել ոչ միայն իրենց հայտարարությունների, իրենց համայնքին ծառայելիս կառուցողական վերաբերմունքով առաջնորդվելու համար, այլ նաև` համայնքի համար օրինակ ծառայող դրական վերաբերմունքի: Մեր այդ մեծերի օրինակելի վարքագիծը մեր օրերում էլ շարունակում է ուղեցույց լինել:

Այս համատեքստում Գերմանիայի քաղաքացիների քվեարկությամբ ձևավորված մեջլիսը, իրեն ընտրող ժողովրդի հանգստության, բարեկեցության, անվտանգության, կարճ ասած՝ բարօրության համար օրենքներ ընդունելու պարտականությունից բացի, անընդունելի է, որ իր իրավասության մեջ չմտնող հարցի մասին կարծիք է հայտնում ու այն օրինականացնում, այն էլ՝ այդ ամենը ամբողջ Գերմանիայի ժողովրդի անունից անում` իրեն դատարանի տեղ դնելու չափ սխալ կեցվածք ցուցաբերելով:

Հարգելի նախագահ, Թուրքիայի հայ համայնքը այդ տխուր և, միաժամանակ, ցավալի օրերն ապրածների թոռներն են: Ինչպես Դուք էիք նշել այս տարվա Ձեր ցավակցական ուղերձում՝ «ինչպես որ պատմական գիտակցությունն ու մարդկային օրենքն են պարտադրում, շարունակելու ենք օսմանյան հայերի հիշատակին տեր կանգնել և հիշեցնել թուրքերի ու հայերի՝ 100 տարի ձգվող համատեղ կյանքի մշակույթի մասին»: Տարբեր առիթներով այս հայտարարությամբ  առանջորդվող հայրապետական մարմինը շարունակելու է հետագայում էլ նույն կերպ գործել:

Այս ողբերգական իրադարձություններում Գերմանիայի կայսրության բացասական դերը երկու տողով թեթևակի նշելն ու Օսմանյան Թուրքիային, այդ հարցում մեղադրելուց բացի, ամբողջությամբ հանցավոր ճանաչելը բարոյական տեսանկյունից քննարկելու երևույթ է: Բացի այդ` պետք է իսկապես քննարկվի, թե օրինականացված բանաձևը որքանով է «թարգմանում» Գերմանիայի հասարակության զգացմունքները:

Ինչպես տարբեր առիթներով բազմիցս ասել ենք՝ հայ ազգին վերք պատճառած այս ցավը միջազգային քաղաքական ասպարեզում օգտագործելը, իսկապես, տխրության և ցավի աղբյուր է: Ընդունված այս օրինագիծն ու դրան համարժեք այլ օրինագիծներ մեզ խորապես վիրավորում են: Հայ ժողովրդի պատմության էջերի այս վիշտը, դժբախտաբար, միջազգային քաղաքական պլատֆորմում ընկալվում է որպես միջոց՝ Թուրքիային և թուրք ժողովրդին մեղադրելու և պատժելու համար, և այս տհաճ ընկալումը Թուրքիայի հայ համայնքի վերին և ստորին ինքնությունների վնասվելու պատճառն է դառնում»,- գրել է Աթեշյանը:

Ըստ նրա` Գերմանիայի կողմից ընդունված այս բանաձևը և նմանատիպ օրինագծերը խանդավարությամբ ողջունողները պատուհան են բացել, որից նայելիս, սակայն, կտեսնեն, թե իրականում ինչպես է իմպերիալիստական ուժերի կողմից օգտագործվում հայ ժողովուրդը:

Այնուհետև շարունակում է. «Թուրք և հայ ժողովուրդները պարտավոր են կիսել նույն աշխարհագրությունը: Այս վաղեմի և հարևան ժողովուրդները ատելության խոսքերի պատճառով չպետք է միմյանցից հեռանան, պատմությունը քաղաքականացնելու փոխարեն պետք է աշխատեն հանուն բարեկամության և հաշտության: Համատեղ պատմություն և նմանատիպ ավանդույթներ ունեցող այս երկու հարևան ժողովուրդները մի օր բարեկամական իրենց մթնոլորտը միասին են ստեղծելու, միայն թե դրա իրականացումը չդիտարկվի որպես անկարելի, և դրան նպաստող սերմերը դրա վրա չազդեն: Գալու է մի օր, երբ երկու ժողովուրդները մաքրելու են իրենց դաշտավայրերի թունավոր խոտաբույսերը և մաքրված դաշտերում ցորեն են ցանելու: Դրանով էլ չեն բավարարվելու: Այդ դաշտերի ցորեններից պատրաստված հացը, որպես սիրո և բարեկամության նշան, թաթախելու են աղի մեջ ու միմյանց հետ կիսվեն:

Այն աշխարհում, ուր քաղաքական գործիչներն իրենց հասկացած ձևով և քաղաքական հաշվարկներով մեր ժողովրդի ցավերի մասին կարծիք են հայտնում, որպես Հայրապետական մարմին, շարունակելու ենք աղոթել Թուրքիայի և Հայաստանի բարեկամության և դրացիական լավ հարաբերությունների համար: Մեր այս կեցվածքը ինչպես մեր հավատքով է պարտադրված, այնպես էլ քաղաքացիական զգացմունքների արտահայտությունն է: Միաժամանակ, գիտենք նաև, որ ոմանք մեր այս կեցվածքին դրականորեն չեն արձագանքելու: Թող Աստված գործի երկու երկրների քաղաքացիների սրտերում: Թող Աստված օգնական լինի նրանց, ովքեր վճռել են կառուցել լավն ու գեղեցիկը:

Մեկ անգամ ևս հայտնում ենք այս առիթով մեր ափսոսանքը: Թող Աստված Ձերդ գերազանցությանը առողջություն, հաջողություն և երջանկություն շնորհի, թող Աստված հանուն մեր երկրի բնակչության ծառայող պետական գործչի աշխատանքներին հաջողություն տա:

Խորին հարգանքներով՝

Արքեպիսկոպոս Աթեշյան

Թուրքիայում հայոց պատրիարքի փոխանորդ»

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի