Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յայտարարութիւն է տարածել 2016 թ. ապրիլեան պատերազմի կապակցութեամբ: Այս մասին գրւած է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում:

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  յարձակողական ողջ զինանոցը, լայնածաւալ յարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան դէմ` թիրախաւորելով ինչպէս Պաշտպանութեան բանակի դիրքերը, այնպէս էլ քաղաքացիական ենթակառուցւածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:  

Ապրիլեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացւեցին բազմաթիւ պատերազմական եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ, մասնաւորապէս` արձանագրւեցին հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակչութեան դաժան սպանութիւնների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազում դէպքեր:

Միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների չդատապարտւած լինելու հանգամանքը յաջորդ տարիների ընթացքում էլ աւելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակէտը դարձաւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դէմ նոր լայնածաւալ պատերազմի սանձազերծումը` Թուրքիայի աջակցութեամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ:

Միջազգային հանրութիւնը պէտք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակւող Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեանը, միջազգային իրաւունքի հանդէպ ծայրայեղ անարգանքին եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած բանակցութիւններից հրաժարւելու փորձերին:

Ապրիլեան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականութիւնն ու մեր հերոսների սխրանքները յաւերժ կը մնան մեր պատմութեան եւ սերունդների յիշողութեան մէջ: