ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Յարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, ինձ հարազատ դարձած հետեւորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահէն Ստեփանեանի, ով Արցախեան առաջին պատերազմում մարտնչեց հարաւային ամբողջ ճակատում եւ զոհւեց ազատագրւած Ֆիզուլիում: Ծնւած Հադրութ քաղաքում` իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաեւ խիստ անձնական: Եւ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպէս պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչ, այլ որպէս անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժւարին պահին աւելի քան կարիք կայ պաշտօնեաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտօրէն կը նայեն երեւոյթներին եւ կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի յաջողւի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու եւ աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդւել տեղեկատւական պայքարի օրէնքներով, մատուցել այնպիսի տեղեկատւութիւն, որը գրւած ու չգրւած կանոններով պէտք է տալ պատերազմող երկրի հասարակութեանը: Եթէ ինչ-որ բան ինձ, այնուամենայնիւ, յաջողւել է, ձեզ եմ համարում իմ գլխաւոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային յաղթանակների դրօշակակիր:

Սուգը յաւերժ է, եթէ չկայ պայքար. միմիայն այդ դէպքում»: