Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդիւնքում թոյլատրւել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ զբօսաշրջութեան կոմիտէն, որում ասւում է.
«Ներկայումս այցելութիւնների դէպքում նախատեսւող ընթացակարգը հետեւեալն է.

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց յետոյ անյապաղ կատարւում է բժշկական զննութիւն վարակի առկայութեան կամ վարակի ախտանիշների բացայայտման նպատակով։ Համապատասխան զննութիւն անցնելուց յետոյ մուտք գործող անձը ենթակայ է ինքնամեկուսացման 14-օրեայ ժամկէտով, եթէ ախտանիշների առկայութեամբ պայմանաւորւած վերջիններիս նկատմամբ չեն կիրառւում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։

Ինքնամեկուսացման մէջ գտնւող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազօտութիւն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստաւորման համար անհրաժեշտ նմուշառումը պէտք է իրականացւի բացառապէս անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբարատորիաների մասնագէտների այցի միջոցով։ ՊՇՌ հետազօտութեան բացասական պատասխանի դէպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Ի լրումն ներկայացւած լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազօտութիւնը իրականացւում է գրեթէ բոլոր մասնաւոր բժշկական կենտրոններում։

Ամբողջական տեղեկատւութիւնը հասանելի է նաեւ երեք լեզուներով՝ անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն, Armenia.Travel Հայաստանի պաշտօնական զբօսաշրջային կայքում հետեւեալ յղումով՝ https://armenia.travel/en/covid19-traveler-information»։