Աղբիւր՝ www.yerkir.am

Globe Spots-ը կազմել է իր 11րդ «Թոփ 10» երկրների այս տարուայ ցանկը: Globe Spots-ն Անգոլայի, Շուէդիայի, Բութանի, Թայուանի, Դոմինիկեան Հանրապետութեան հետ այս ցանկում ներառել է նաեւ Արցախը՝ ներկայացնելով նաեւ որպէս Լեռնային Ղարաբաղը: 2019 թուականին ճանապարհորդութեան համար ընտրած այս 10 երկրները Globe Spots-ն ներկայացնում է որպէս մուտքի արտօնագրի՝ վիզային համակարգը դիւրացրած երկրներ եւ զբօսաշրջութեան համար առաւել մեծ ուշադրութեան արժանի:

Արցախը ներկայացնելով՝ Globe Spots-ը գրում է. «Որքան աւելի շատ պետութիւններ են մեղմացնում վիզայի պահանջները՝ մուտքի արտօնագրի գործընթացն, այնքանով նուազում է «աշխարհից կտրուած» վայրերի ու տարածաշրջանների թիւը: Ճանապարհորդողի տեսանկիւնից միշտ հետաքրքիր է այցելել նոր վայրեր, որոնք միանգամայն տարբերւում են միւսներից: Արցախի Հանրապետութիւնը հէնց այդ վայրերից է: Քչերին յայտնի եւ ճանաչուած է՛լ աւելի քչերի կողմից, վերջերս փոխեց իր անունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը վերանուանուեց Արցախի Հանրապետութիւն»:

Անկախ ճամբորդողների այս կայքը Արցախի մասին գրում է. «Հանրապետութիւնը գտնուել է Ադրբեջանի սահմաններում, բայց այնտեղ միշտ բնակուել են հիմնականում հայեր: Խորհրդային տարիներին Արցախը փոխանցուել է Ադրբեջանին: Սա յետագայում յանգեցրել է զինուած հակամարտութեան ԽՍՀՄի փլուզումից յետոյ: Չնայած պատերազմն աւարտուել է 1994 թուականին, վերջին բախումները տեղի էին ունեցել 2016ին»:

Կայքը նշում է. «Հաշուի առէք՝ Արցախ հնարաւոր է այցելել միայն Հայաստանի տարածքով: Յետագայում ձեր մուտքն Ադրբեջան կը մերժուի, եթէ նրանք ձեր՝ Արցախ այցի ապացոյց կամ փաստ ունենան»: