Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամաւոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցութեամբ․

«Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստւող՝  Արցախ այցելած օտարերկրացիների «սեւ ցուցակը» կոպտօրէն խախտում է ազատ տեղաշարժի եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալու իրաւունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրութեանը պարտադրել իր միակողմանի եւ խեղաթիւրւած տեսակէտը։ Անթոյլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողութիւնները եւ կարծում ենք, որ եթէ դրանք յետագայում եւս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրութեան կողմից, ապա ժամանակի ընթացքում աւելի բարդ է լինելու Բաքւին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։

Այս կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հրաւէր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն յարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարաւային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցութեանն առնչւող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների եւ այլ պաշտօնեաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքւի «սեւ ցուցակի», դառնալու են կարեւոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպէս տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթոյլատրելիութեան մասին»։