ՆՒԻՐՒԱԾ Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ ԵՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԳԹՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՈՒՀԻՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Շաբաթ, 2013 թւականի դեկտեմբերի 7-ին, Ս. Նիկողայոս Հայրապետի տօնի օրը, Նոր Ջուղայի Ս. Նիկողայոս եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ Պատարագ:

Ս. Պատարագին նախագահեց Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Եկեղեցում ներկայ էին հոգեւորականց դասը, սարկաւագաց եւ դպրաց դասերն ու հաւատացեալ ժողովուրդ: Արարողութեան ընթացքում, քարոզի պահին, առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցելով ներկայ հաւատացեալ ժողովրդին, խօսեց Ս. Նիկողայոս Հայրապետի կեանքի, գործունէութեան ու բարեգործութիւնների մասին եւ շեշտեց, որ նրա ապրելակերպը գեղեցիկ օրինակ կարող է հանդիսանալ իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի համար:

Նկատի ունենալով, որ թւականը համընկնում էր 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի եւ արցախեան գոյապայքարի 25-ամեակներին, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր խօսքի մէջ անդրադարձաւ այդ երկու դէպքերին եւ երկրաշարժի աղէտի հետեւանքով բազմահազար զոհերի, նաեւ արցախեան հերոսամարտի նահատակների հոգիների խաղաղութեան համար աղօթք բարձրացրեց առ Աստւած:

Ս. Պատարագի աւարտին, նախ Ս. Նիկողայոս Հայրապետի Աջ-մասունքի օրհնութեամբ տեղի ունեցաւ Ջրօրհնէք արարողութիւն եւ վերջում օրհնւած ջուրը բաժանւեց ներկայ հաւատացեալներին, ապա կատարւեց Հոգեհանգստեան պաշտօն՝ Հայաստանի երկրաշարժի զոհերի եւ Արցախի ազատագրական պայքարի հերոս-նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու բակում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, եկեղեցու Տիկնանց Յանձնախմբի միջոցով: