www.hairenikweekly.com

Հինգշաբթի՝ նոյեմբեր 28-ին, տեղի է ունենալու «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի դրամահաւաքը, որի հասոյթը տրամադրւելու է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը:

«Բնական է, որ միայն մէկ շնչերակով անհնար է ապահովել լիարժէք անվտանգու-թիւն եւ սոցիալ-տնտեսական զարգացման ուժականութիւնը: Հետեւաբար անհրաժեշտ է կառուցել այլ նմանատիպ մայրուղիներ: Այս ծիրում ներս չափազանց կարեւոր է Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, յատկապէս հաշւի առնելով, որ դա պէտք է անցնի Քարվաճառի եւ Շահումեանի շրջաններով, որն, ի հարկէ, ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունի:… Սա կը լինի այն կմախքը, որի վրայ այնուհետեւ կը ճիւղաւորւեն բազմաթիւ այլ ճանապարհներ»,- յայտնել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

Սփիւռքահայութիւնը եւ “Հայաստան“ Հիմնադրամը նախապէս, արդէն ճանապարհաշինական երկու մեծ նախագծեր է կեանքի կոչել. առաջինը` Հայաստանը Արցախին կապող միակ գլխաւոր ճանապարհը` Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, կառուցւած 1990-ական թւականներին, երկրորդը` Հիւսիս-Հարաւ ճանապարհն է, որ Արցախի հիւսիսային Մարտակերտ քաղաքը միացնում է հարաւային Հադրութ քաղաքին, անցնելով տասնեակ գիւղաքաղաքներից:

Այսպէս, երրորդ հսկայ ծրագրի մեկնարկի ազդանշանն է տրւելու այս տարւայ գոհաբանութեան օրը: Թէեւ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը գործում է, սակայն վերանորոգման եւ ընդլայնացման կարիքը կայ, մանաւանդ որ ձմռան ամիսներին, անգործածելի է դառնում: Ըստ նախնական տւեալների, անհրաժեշտ է որ հանգանակւի շուրջ երեսուն միլիոն դոլար:

Ճանապարհի կառուցումը եւ մշտական ճանապարհային հաղորդակցութիւնն իր ուղղակի ազդեցութիւնը պէտք է ունենայ ճանապարհից մինչեւ երկու տասնեակ քիլոմեթր հեռաւորութեան վրայ տարածւող համայնքների բնակիչների ընկերա-տնտեսական կեանքի վրայ:

Նշենք թէ, այս ճանապարհն անցնելու է Դադիվանքից, որ հայկական վաղ միջնադարեան ճարտարապետութեան գլուխգործոց կառոյցներից է: Այսպէս, երբ վերանորոգւի եւ վերակառուցւի Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, բազմաթիւ սփիւռքահայեր, զբօսաշրջիկներ եւ առ հասարակ ճամբորդութեան սիրահարներ, կօգտւեն այդ ճանապարհից: Աւելին, նաեւ կարելի պիտի լինի ընբոշխնել Քարվաճառի հրաշք բնութիւնը: