Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստօրէն դատապարտում է հայոց նւիրական սրբավայր հանդիսացող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբաւորումների կողմից: Հայոց ցեղասպանութեան նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու աւերումն անարգալից քայլ է հայ ժողովրդի եւ նրա սուրբ նահատակների յիշատակի հանդէպ:

Տեղի ունեցածն անթաքոյց դրսեւորում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի յիշատակութեան շրջանակներում հարւածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարւածն անմարդկային բարբարոսութիւն է եւ չի կարող արդարացւել որեւէ կրօնի կամ գաղափարախօսութեան կողմից, որ հիմնւած է աստւածպաշտական եւ մարդասիրական արժէքների վրայ:

Յորդորում ենք մեր ժողովրդի զաւակներին առաւել ամրապնդւելու մեր նահատակների հանդէպ յարգանքի իրենց ուխտի մէջ եւ ի դերեւ հանելու չարագործների բոլոր դաւադրութիւնները: Կոչ ենք ուղղում նաեւ միջազգային հանրութեանը դատապարտել յիշեալ վայրագութիւնը` կանխելու համար նման ոճրագործութիւնների հնարաւոր կրկնութիւնը: