Աղբիւր՝ www.armenpress.am

 

Իրաքում եւ Ուկրաինայում քաղաքական  լարւածութեան պատճառով սկսել են հայեր ժամանել Հայաստան: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Հ.Հ.-ի Սփյուռքի նախարար Հրանուշ Յակոբեանը` յաւելելով, սակայն, որ ժամանողների թիւը դեռ մեծ չէ: «Հաշւի են առնւում այն հնարաւորութիւնները, որոնք Հայաստանը կարող է ուղղել մեր հայրենակիցների կարիքների լուծմանը: Այդ հարցով կայ նաեւ հանրապետութեան նախագահի յանձնարարականը: Մենք էլ աշխատում ենք միջազգային տարբեր կառոյցների հետ` փորձելով հումանիտար օգնութիւն ուղղորդել Իրաքից եւ Ուրաինայից ժամանած ընտանիքիներին»,- յայտնեց նախարարը: Հրանուշ Յակոբեանի խօսքով` ժամանողների թիւը դեռեւս մի քանի տասնեակ է, բայց նոր հոսք եւս ակնկալւում է:

«Իրաքի Մոսուլ գիւղի եւ շրջապատի ընտանիքները հիմնականում ցանկութիւն են յայտնել տեղափոխւել Հայաստան: 68-ից դեռ 4 ընտանիք է եկել, միւսներին էլ պատրաստ ենք ընդունել»,- նշեց նա: Յունիսի սկզբին հակակառավարական ուժերը գրաւել են Մոսուլ քաղաքը, եւ ազգաբնակչութիւնն, այդ թւում` 68 հայ ընտանիքներ եւ ծխատէր քահանան, հեռացել են շրջանից:

Հաշւի առնելով Իրաքում ստեղծւած իրավիճակը՝ Հայաստանի կառավարութիւնն Իրաքի մեր հայրենակիցներին հնարաւորութիւն է տալիս Իրաքում Հ.Հ.-ի դեսպանատնից ստանալ Հ.Հ.-ի քաղաքացիութեան անձնագիր: Իրաքի մեր հայրենակիցներից չի գանձւի Հ.Հ.-ի վիզայի տուրքի եւ կացութեան համար նախատեսւած գումարը:

Ուկրաինայի արեւելեան մարզերում, յատկապէս, Դոնեցկում ու Լուգանսկում, արդէն տեւական ժամանակ շարունակւում են անջատողականների եւ Ուկրաինայի զինւած ուժերի մարտերը: Ուկրաինայի հայերի միութեան գործադիր տնօրէն Դաւիթ Մկրտչեանն աւելի վաղ «Արմէնպրես»-ին տեղեկացրել է, որ մօտ 250 ընտանիք երեք ամսւայ ընթացքում միութեան օգնութեամբ տեղափոխւել է Հայաստան: