Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի, կիրակի՝ օգոստոսի 21-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ «Հայաստան, Արցախ, Սփիւռք՝ մենք միասին ենք ապրելու» խորագրով երիտասարդական հանդիպում-քննարկումը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների երիտասարդների:

Ծրագիրն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւով. հանդիսավար Մեղրի Ղուկասեանի բացման խօսքից յետոյ ներկայ երիտասարդներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան  Հայաստանից հրաւիրւած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան երիտասարդ ու բարձրակարգ մասնագէտներ՝ արեւելագէտ եւ պատմական գիտութիւնների թեկնածու Սերգէյ Մելքոնեանից, քաղաքագէտ եւ Երեւանի Պետական համալսարանի հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակեանից, կովկասագէտ եւ Հայ-ռուսական համալսարանի դասախօս Կարէն Իգիթեանից եւ թուրքագէտ ու պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանից:

Ստորեւ ամփոփ կերպով ներկայացնում ենք հնչած հարց ու պատասխաններից մի քանիսը.

Հարց.- Ինչո՞ւ Հայաստանում չի խօսւում Սեւրի պայմանագրի մասին:

Պատ.- Հայաստանում մշտապէս առկայ են եղել եւ հիմա էլ առկայ են զրոյցներ, բանաւվէճեր եւ քննարկումներ՝ Սեւրի դաշնագրի մասին թէ՛ հանրային միջավայրում եւ թէ՛ քաղաքական ուժերի շրջանակում, սակայն այդ քննարկումները բաւարար չեն այսօրւայ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առջեւ ծառացած մարտահրաւէրները դիմագրաւելու համար: Այս պահին էական է կենտրոնանալ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների տարածքային ամբողջականութեան վերականգնման խնդիրների շուրջ: Իհարկէ նշելի է, որ պայմանագրերը ոչ թէ որեւէ բան պարտադրող, այլ գետնի վրայ պարտադրւած իրականութիւնը արձանագրած երեւոյթներ են եւ եթէ որեւէ պայմանագրի յետեւում չկայ կանգնած ուժ, չկայ նաեւ դրան հողի վրայ իրականացնողը. այդպիսի կարգավիճակով բազմաթիւ պայմանագրեր կան աշխարհում, որոնցից մէկն է Սեւրի պայմանագիրը:

Հարց.- Ո՞րն է Սփիւռքի անելիքը՝ հայրենիքի փրկութեան համար:

Պատ.- Մեր պայքարը խիստ կարիք ունի սփիւռքեան բոլոր հատւածների՝ ի մասնաւորի երիտասարդ սփիւռքահայերի. այս պահին Սփիւռքի անելիքները հետեւեալը կարող են լինել.

առաջին՝ Հայաստանի ժողովրդին ոչ թէ մեղադրել, այլ ընկալել, որ նրանք մոլորութեան մէջ են.

երկրորդ՝ տեղեկատւական դաշտում օժանդակութիւնը՝ ճիշտ ինֆորմացիայի հանրայնացման գործում.

երրորդ՝ խոչընդոտել բոլոր այն փորձերը, որոնք կատարւում են Սփիւռքի ու-Հայաստանի պառակտման ուղղութեամբ:

չորրորդ՝ Սփիւռք-Հայաստան հորիզոնական կապերի ընդլայնումը.

հինգերորդ՝ բոլոր իմաստներով օժանդակութիւն ցուցաբերել հայկական այս մեծ պայքարին դա կարող է լինել գաղափարներով, Հայաստանում ցոյցերին մասնակցելով, տեխնիկայ հայթայթելով եւ այլն:

Հարց.- Ստեղծւած իրավիճակում Հայաստանի կառավարութիւնը ինչպէ՞ս է պատրաստւում հետամուտ լինել Հայոց Ցեղասպանութեան խնդրին եւ արդեօք այս հարցի լուծումը թողնելո՞ւ է պատմաբաններին:

Պատ.- Հայաստանի գործող իշխանութիւնը ցանկանում է թուրքերի հետ համաձեռն մէջտեղից հանել Հայոց Ցեղասպանութեան հարցը. այս իշխանութիւնը միշտ փորձում է տեղի ունեցած բացասական երեւոյթների մեղքը ինչ որ մէկի վրայ բարդել, ինչպէս փորձում է հայ-թուրքական յարաբերութիւնների չկայացման մեղքը Թուրքիայի վրայից վերցնելով, գցել Սփիւռքի վրայ: Տեսնելով այսօրւայ Թուրքիայի քաղաքականութիւնը՝ Հայաստանի նկատմամբ եւ իհարկէ Հայաստանի պրօ-թուրքական կառավարութիւնը, չի թւում, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը անգամ կը տեղափոխւի պատմաբանների հարթակ եւ կը վերլուծւի գիտական յանձնաժողովի մակարդակով, քանի որ յանձնաժողովի հետ համաձայնելու պարագային նշանակում է, թէ ընդունում են, որ ինչ որ դէպք տեղի է ունեցել:

Եիտասարդներից բացի ծրագրին ներկայ էին՝ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Թղթակից (Նոր Ջուղա)