Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ 2022 թ. յուլիսի 26-ին, համայնքի հայոց ծերանոցի յարկի տակ իրականացւեց բարի երթի միջոցառում, որտեղ ծերանոցի բնակիչներն ու աշխատակազմը, ինչպէս նաեւ ծերանոցը կառավարող Կանանց Գթութեան միութեան վարչութեան անդամները, մեծարեցին ու գնահատեցին սոյն կենտրոնի տարիների գիշերապահ աշխատող՝ Սիլվարդ Աղախանեանին, ով շուրջ 22 տարիներ բծախնդրօրէն աշխատելուց յետոյ, հանգստի է կոչւել նախորդ ամիս:

«Տկն. Սիլվարդը ջանադիր կերպով հոգածութիւն է ցուցաբերել հայոց ազգ. ծերանոցի բնակիչների նկատմամբ եւ ջանք չի խնայել նրանց գիշերային ապահովութեան ու հանգստի պահպանման ուղղութեամբ, ինչի համար գնահատանքի եւ գովեստի է արժանի», այսպէս արտայայտւեց Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը, միջոցառման սկզբում:

Այնուհետեւ շնորհակալական արտայայտութիւններ հնչեցին Սիլվարդ Աղախանեանի կողմից՝ ուղղւած միութեան տարիների վարչութիւններին, իր գործընկերներին եւ հարազատ դարձած տարեց բնակիչներին:

Ընթացքում հատւեց տորթը, պահը յաւերժացւեց լուսանկարներով, իսկ վարչութեան կողմից յուշանւէր ու ծաղկեփունջ նւիրւեց տկն. Սիլվարդին:

Թղթակից (Նոր Ջուղա)