Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, նոյն նախարարութեան Սպահանի գերատեսչութեան պատւէրով եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ յուլիսի 14-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Կրօնական փոքրամասնութիւնների երաժշտական փառատօնը:

Փառատօնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգի յոտնկայս ունկնդրութեամբ եւ երեկոյի հանդիսավար Կարին Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի խօսքով, ապա 19 կատարումներ իրականացւեցին 17 մասնակիցների միջոցով:

Ծրագրի առաջին բաժնում, հոգեւոր երգերի կատարումով հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի, իսկ հրեաների հոգեւոր երգը հնչեց Շելեմօ Աղելեանի կատարմամբ:

Այնուհետեւ երաժշտական համարների իւրովի եւ ականջ շոյող կատարումներով, հանդէս եկան փառատօնի մասնակիցները, որոնք էին՝

Հրեայ մասնակիցներ՝ Շելեմօ Աղելեան, Շանիէլ Ռահմանի, Էլիշա Բալազադէ, Իգալ Մալեքան, Գաբրիէլ Շամուէլեան, Ռամոնա Քալիչէ.

Ասորի մասնակից՝ Չարլիզ Կաթոլիկ.

Զրադաշտ մասնակից՝ Շիրին Խոդափարասթի.

Քրիստոնեայ մասնակիցներ՝ (Նոր Ջուղայի հայ համայնքից)՝ «Դումահ» խումբ (Վահան Վարդեւանեան, Շանթ Սարեան, Կարէն Դիլանչեան, Արայիկ Սիմոնեան եւ Սերգէյ Փանոսեան), «Միհր» խումբ (Էրւին Յովսէփեան, Մելւին Թորոսեան եւ Լեմոէլ Թահմազեան), Այլին Քեշիշեան եւ Տեսիլ Գալստանեան, Էմմանուէլ Ասատրեան, Էմիլի Պօղոսեան, Արամէ Ալեքսանդրեան, Նազելի Փանոսեան, Արամէ Ասատրեան, Վիլիամ Յովսէփեան:

Երեկոյի ընթացքում հնչած ոգեշնչող եւ անզուգական երաժշտական ելոյթներում օգտագործւել էին բազմատեսակ նւագարաններ սկսած՝ դաշնամուրից, դրամից, գիթարից ու սենթուրից, մինչեւ հանգ դրամը, դաֆը, շոֆարը (հրեաների աւանդական նւագարան) եւ այլն: Կատարումների շարանում տեղ էին գտել քրիստոնեաների եւ հրեաների հոգեւոր երգերից եւ աշխարհահռչակ արւեստագէտների ստեղծագործութիւններից, ինչպիսիք են՝ Շոփենը, Անուշիրաւան Ռոհանին, Փարւիզ Եահաղին, Ֆրանք Սինատրան, Ֆարիբորզ Լաչինին, Խուան Մարտինը, Ջորջ Մայքլը եւ …:

Նշելի է, որ սրանից շուրջ մէկ ամիս առաջ, անհատական եւ խմբական յայտեր ընդունւեցին փառատօնին մասնակցել ցանկացողներից, որից յետոյ ընտրական փուլի շրջանակում մասնակիցներն իրենց կատարումները յանձնեցին արհեստավարժ իրաւարար կազմի դատին: Արդիւնքում բոլորը յաջողեցին թեւակոխելով փառատօնի փուլը՝ ելոյթով հանդէս գալ «Արարատ» միութեան բեմից: Ընտրական փուլի իրաւարարներն են եղել՝ երգ-երաժշտութեան մասնագէտներ՝ Նայիրա Ալեքսանեանը, Ասպետ Սիմոնեանը, Նարբէ Գրիգորեանը եւ հրեայ համայնքից՝ Իգալ Սասունը:

Փառատօնի աւարտին ձեռամբ՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան ներկայացուցչի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի, Շահինշահրի ասորիների խորհրդի նախագահ Մայքլ Էյւազիի, զրադաշտների խորհրդի նախագահ Փէյման Սարդարի եւ հրեայ համայնքի խորհրդի նախագահ Սիւն Մահգերեֆթէի գնահատագրեր եւ յուշամեդալներ շնորհւեցին բոլոր մասնակիցներին:   

Որպէս հանդիսատես հրաւիրւել եւ ներկայ էին կրօնական փոքրամասնութիւններից սահմանափակ թւով ներկայացուցիչներ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)