Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Նոր Ջուղայում իրականացւեցին Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման միջոցառումները:

Շաբաթ՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ կայացաւ Սրբադասւած նահատակների հսկման արարողութիւնը, որից յետոյ ներկաները քայլեցին դէպի «Ս. Ամենափրկիչ» վանք, ուր Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ տեղի ունեցաւ ժողովրդական մոմավառութիւն, ապա բողոքի համահաւաք:

Համահաւաքն սկիզբ առաւ յուշարձանի մօտ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով ծաղկեպսակի տեղադրմամբ եւ հաղորդավար Շաղիկ Մատթէոսեանի այս խօսքերով. «Հայ Ժողովրդի հայրենազրկումը շարունակւում է մինչ այսօր. փոխւել է թշնամու անունը, սակայն գործելաոճը մնացել է նոյնը՝ յարձակում, հայաջնջում, բռնազաւթում, եւ արդիւնքում մենք կորցնում ենք մեր Շուշին ու Հադրութը եւ չնաշխարհիկ Արցախի մեծ մասը ու կը կորցնենք ամբողջը եթէ չսթափւենք:

Ուզենք թէ չուզենք, աշխարհը չէ, մենք, միայն մենք պէտք է ճանաչենք ու հաստատենք, ապա հաւատանք ու գիտակցենք, որ դառնանք աւելի կազմակերպ ու համախմբւած, քան մեզ հետ կատարւածի կազմակերպողները եւ ստանանք այն ինչ մերն է եղել Աստծոյ կամքով եւ վերադառնանք դէպի Արարատ, դէպի պատմական Հայաստան եւ դէպի Շուշի, եւ կրկին ստանձնենք այն առաքելութիւնը, որ Աստւած մեզ տւեց իր արարումով. էլ ինչից ենք վախենում»:

Երեկոյի շարանում նախ հնչեց 107-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի խօսքը, որն ընթերցեց յանձնախմբի անդամ Սեդա Բարղեանը: Խօսքում ընդգծւած էր. «107 տարի անց դարձեալ կանգնած ենք ճակատագրական պահի առջեւ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը ընձեռնւած որեւէ առիթ բաց չթողնելով շարունակում են իրենց ցեղասպանութեան ծրագիրը գործադրել հայութեան դէմ: Հայաստանի ու Արցախի սահմանները յաճախակի ենթակայ են ոտնձգութիւնների, բանակցութիւնների գործընթացում ներկայացւում են տարածքային նոր պահանջներ ու ակնկալիքներ, ընդ որում՝ քննարկւում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը, որը հնարաւոր է նոր եւ անցանկալի դրոյթի մէջ յայտնւի: Միւս կողմից Հայաստանի մերօրեայ իշխանաւորները, իրենց իսկ խոստովանութեամբ, հակւած են՝ յանուն «խաղաղութեան դարաշրջանի» լոզունգով, գնալ նոր զիջումների, ընդհուպ մինչեւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանից նոր տարածքներ յանձնելու, ինչը վերջնականապէս հայաթափելու է Արցախը եւ թրքացնելու է Հայաստանը»:

Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից ելոյթ ունեցաւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը: Նա կարեւորութեամբ ասաց. «Մեր ժողովրդի պատմութիւնը ազատագրական շարժման մի ամբողջ շղթայ է: Դա ազատատենչ ժողովրդի պատմութիւն է. ժողովուրդ, որին որքան էլ փորձում են մասնատել, միեւնոյն է, հաւաքում է իր բաժան-բաժան մասերն ու դառնում մի ամբողջութիւն:

Պէտք է ճանաչենք մեզ՝ մեր սեփական առաւելութիւններն ու թուլութիւնները, որպէսզի չընկնենք ոչ ազգային սնապարծութեան եւ ոչ էլ ինքնանւաստացման գիրկը: Միայն այս ձեւով է, որ կարող ենք կառուցել ճիշտ հանրային յարաբերութիւններ եւ հաղորդակցութիւն արտաքին խաղացողների հետ՝ ինքնահզօրացում ինքնաճանաչման միջոցով: Ահա սա է ամենակարեւոր բանալին»:

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով, որ Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ հայութիւնը եւ ի մասնաւորի Հայաստանը գտնւում են անկիւնադարձային իրավիճակում եւ նշելով, թէ մեզ համար աւելի մեծ սպառնալիք է յատկապէս այս իրավիճակի պատճառով ժողովրդի մօտ առաջացած յուսահատութիւնը,  աւելացրեց՝ չյուսալքւել եւ միասնականութեամբ լաւագոյնս ի կատար ածել բոլոր մակարդակների պարտականութիւնները: Նա իր խօսքի մի այլ բաժնում նշեց, թէ իր պատգամաւորութեան ժամանակաշրջանում խորանալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործընթացում նկատել է, որ  երբ կտրուկ սեւ ու սպիտակի տարանջատում է տեղի ունենում եւ փակւում են բանակցելու դռները, միասնական եզրերը կորնում են: Նա վերջում վստահեցնելով, որ հայութեան համար այս ճակատագրական պահին Իրանը Հայաստանի կողքին է, կոչ արեց ոչ միայն խորանալ, թէ քարոզւող խաղաղութիւնը ինչ գնով է ձեռք բերւելու, այլեւ այս ոգեկոչման առիթը մեկնակէտ դարձնել յետագայ անյողդողդ քայլերի համար: 

Ծրագրի եզրափակիչ ելոյթի ներքոյ իր խօսքն ասաց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա ընդգծելով բանաստեղծի այն պատգամը, որ ասում  է «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է», շեշտեց, թէ հայ ժողովրդին ծնկի բերելու համար հնարւել է մի նորագոյն զէնք՝ պառակտման զէնքը եւ այս վիճակից դուրս գալու միակ լուծումն այն է, որ հայութիւնը կանգնելով սիրոյ, յարգանքի եւ  հանդուրժողականութեան պատւանդանի վրայ,  ինչպէս նաեւ միմեանց հասկանալով ու ընդունելով, միակամօրէն ջանք տանի այս աղէտի կանխարգելման ուղղութեամբ: Նա աւելացրեց նաեւ, որ երբ որեւէ ժողովուրդ անհատաբար եւ պառակտւած է գործում, աւելի վնասաբեր եւ անարդիւնք է աշխատում, քան անգործութեան ժամանակ»:

Միջոցառման երկրորդ բաժնում իրագործւեց գեղարւեստական յայտագրով ծրագիր, որտեղ «Տէր ողորմեա՛յ» երաժշտական կատարումը շեփորով իրականացրեց Արբի Բաբումեանը, «Արի իմ սոխակ»-ը մեներգեց Արսինէ Մարգարեանը՝ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի նւագակցութեամբ, «Զինւորի մօր երգը» կատարեց Զարենուշ Աղուրեանը, «Հով արէք»-ը դաշնամուրով նւագեց եւ միեւնոյն ժամանակ մեներգեց Համիկ Ալեքսանդրեանը, «Գարուն ա, ձուն ա արել» եւ «Կռունկ» երաժշտակատարումներն իրականացրեց Արբի Բաբումեանը դաշնամուրի միջոցով՝ Պարոյր Վարդանեանի դուդուկի նւագակցութեամբ, «Դելէ Եաման» մենապարը կատարեց Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախմբի պարուհի Արիգա Օրոջեանը: Շարուանկութեան մէջ «Նեմեսիս»-ը ասմունքեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի անդամներ՝ Լեռնիկ Ծատուրեանը, Ալինա Տէր-Սուքիասեանը եւ Վանանդ Իսաղուլեանը, որի ընթացքում մենապարեց նոյն համոյթի անդամ Նազէ Ասատրեանը: Իսկ աւարտին «Զարթնիր Լաօ» երգը կատարւեց Վանա Շիրւանեանի միջոցով:

Հարկ է նշել, որ համահաւաքի ամբողջ ընթացքում յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներն իրենց ձեռքում ունէին Արցախի Հանրապետութեան դրօշը: «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան նախաձեռնութեամբ քարերի վրայ դաճւել էին անմոռուկի եւ Արցախի դրօշի նախշերը, որոնք տրամադրւում էին ներկաներին:

Կիրակի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, «Ս. Ամենափրկիչ» վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութեամբ հանդէս եկան «Տաթեւ» երգչախմբի անդամները՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ:

Այնուհետեւ յուշարձանի շրջափակում մինչեւ երեկոյ իրականացւեց ժողովրդական ծաղկեմատոյց՝ թեմակալ Առաջնորդի, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ գրասենեակի պատասխանատուների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի  միութիւնների, դպրոցների եւ ժողովրդի մասնակցութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)