Համաճարակի տարածումից շուրջ երկու տարի անց, դարձեալ Նոր Ջուղայի փողոցներում եւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում լսւեցին պահանջատէր աշակերտութեան հատուցում պահանջող վանկարկումները:

Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտ-ուհիները չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, դպրոց առ դպրոց առանձնաբար ներկայ գտնւելով Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ դէպի երկիք է խոյացել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանը, իրենց արդար պահանջի ձայնը միացրեցին համայն հայութեան ձայնին:

Սկզբում առաւօտեան ժամը 10:00-ին, հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի սաներն ու պատասխանատուներն այցելեցին վանք, ապա ժամը 11:00-ին եւ 12:00-ին հերթաբար «Արմէն» տարրական ու «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների աշակերտներն ու պատասխանատուներն իրենց յարգանքի տուրքը մատուցեցին ցեղասպանութեան սուրբ զոհերի յիշատակին:

Մանկապարտէզ-նախակրթարանի սաները հանդէս եկան խմբական երգով ու արտասանութեամբ, «Արմէն» տարրականի աշակերտների ներկայացուցիչները ելոյթ ունեցան հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով պահանջատիրական խօսքերի ընթերցմամ. ընթացքում հնչեցին երեք ասմունքներ, իսկ վերջում կատարւեց մէկ խմբական երգ՝ դպրոցի ամբողջ աշակերտների կատարմամբ:

«Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտների միջոցով հնչեցին անգլերէն եւ պարսկերէն աշակերտական խօսքեր ու երեք ասմունքներ:    

Համահաւաքների աւարտին թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ներկաների միջոցով հնչեց Տէրունական աղօթքը, իսկ Սրբազան Հայրն աշակերտներին ուղղւած իր պատգամում յորդորեց՝ հայոց արդար Դատի պահանջատէրը լինել եւ ամենակարեւորը պայքարել յանուն միացեալ հայրենիքի կերտման: Նա նաեւ աւելացրեց, որ հայրենիքը, ազգը, կրօնը, լեզուն ու մշակոյթն այն սրբութիւններն են, որոնց պէտք է պահպանել եւ  թոյլ չտալ որեւէ մէկը դիպչի դրանց, իսկ եթէ կը լինեն այդպիսիները, Թեհլիրեանի նման պահանջատէր բռունցքով պէտք է հարւածենք արդարութեան սեղանին եւ պահանջենք մեր իրաւունքները:

Յատկանշական է, որ դպրոցները յուշարձանի առջեւ տեղադրեցին ծաղկեպսակներ, իսկ աշակերտների ու պատասխանատուների միջոցով մէկական ծաղիկներ զետեղւեցին այնտեղ:

Վերոնշեալ միջոցառումները հաղորդավարեց Դւին Յովհաննիսեանը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու աշակերտութեան ծնողները: Համահաւաքները մեծ ուշադրութեան արժանացան Ս. Ամենափրկիչ վանքի թանգարաններ այցելող պարսիկ եւ օտարերկրացի զբօսաշրջիկների կողմից:

Թղթակից (Նոր Ջուղա)