Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, 2022 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան սրահում, տեղի ունեցաւ աւանդոյթ դարձած՝ Թեմակալ Առաջնորդի եւ Ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի եւ Շահինշահրի համայնքների նորապսակների, նորածինների ու նրանց ծնողների հետ:

Ծրագրի հանդիսավար՝ Մանիա Ղուկասեանը, ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերից յետոյ, հրաւիրեց Եկեղեցեաց վարչութեան ատենապետ Վեդի Յարութիւնեանին արտայայտւելու: Նա անդրադառնալով ամուսնութեան եւ ընտանիք կազմելու կարեւորութեանը, իր խօսքն ուղղելով նորահաստատ ընտանիքներին, ասաց. «Ամուսնութեամբ, դուք մտել էք կեանքի նոր փուլ եւ միասնաբար անցնելու էք երկար ճանապարհ: Ճակատագիրը շատ փորձութիւնների առջեւ կը կանգնեցնի ձեզ, սակայն լիակատար փոխըմբռնմամբ եւ միմեանց նկատմամբ յարգանքով ու սիրով, կը յաղթահարէք այդ փորձութիւնները»:

«Սիրելի նորապսակներ, թող ձեր կեանքը լի լինի սիրով ու հաւատով, ցանկանում եմ ձեր տունը լցւի մանկան ճիչով եւ վայելէք ծնողական երջանկութիւնը»:, յաւելեց նա:

Վեդի Յարութիւնեանը իր խօսքերի շարունակութեան մէջ շնորհաւորեց նորածինների ծնողներին իրենց փոքրիկների ծննդեան կապակցութեամբ եւ մաղթեց, որ բոլոր երեխաները լինեն առողջ ու երջանիկ եւ նրանց կեանքի ուղին լինի լուսաւոր ու բարի:

Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւս ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերից յետոյ, ասաց. «Ամուր պահպանէք ձեր ընտանիքը, հոգ տարէք ձեր սիրոյ մասին եւ նոյն ջերմութեամբ ու սիրով շարունակէք ձեր միասնական կեանքի յետագայ տարիները: Միասնաբար յաղթահարէք կեանքի դժւարութիւններն ու փորձութիւնները: Բազմացէք ու զաւակներ ունեցէք, թող բոլորիդ ընտանիքներից անպակաս լինի ուրախութիւնն ու խինդը»:

Կրօնական խորհրդի ատենապետը պայծառ ու փայլուն օրեր մաղթելով բոլորին, աւարտեց իր խօսքը:

Ծրագրի յաջորդ բաժնում արտայայտւեց Պատգ. ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը: Նա ասաց. «Մեր Թեմի ամենագեղեցիկ եւ ուրախութիւն պատճառող միջոցառումներից մէկն այսօրւայ հանդիսութիւնն է:

Կեանքի մեծ իրադարձութիւններից մէկը ամուսնութիւնն է: Ընտանիքը հանդիսանում է հասարակութեան շարունակականութիւնը պահելու, ինչպէս նաեւ միասնական կեանքի փորձառութիւնների մէջ մտնելու եւ այդ փորձառութիւններից կեանքի ընթացքում օգտւելու միջոց:

Ընտանեկան հիմնախնդիրների յաղթահարման եւ ամուսնական կեանքի գոյատեւման կարեւոր պայմաններից է՝ ես-ը դարձնել մենք, իմը՝ մեր, ինչպէս նաեւ ամուսինների՝ միասնաբար խնդիրները լուծելու եւ որոշումներ տալու ունակութիւնը: Եթէ ընտանեկան կեանքում զոյգերից մէկը չուզենայ կամ չկարողանայ այդպէս վարւել, ընտանեկան կեանքը դժւարութիւների կը հանդիպի:

Իսկ ընտանիքը եւ ամուսնական կեանքը ամրապնդւում է, երբ ընտանիքը համալրւում է երեխաներով:

Յոյսով եմ ձեր համատեղ կեանքի ընթացքը տեւողական լինի, ձեր կեանքի բոլոր հանգրւաններում կանաչ ճանապարհ ունենաք, բազմանաք եւ ունենաք շատ երեխաներ եւ ձեր ընտանեկան դժւարութիւնները ձեր ծնողների ու հարազատների հետ համախորհուրդ, կարողանաք յաղթահարել»:

Շարունակութեան մէջ Թեմակալ Առաջնորդի եւ ազգային մարմինների անդամների միջոցով նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական պարգեւներ:

Հանդիպումն աւարտւեց Սրբազան հօր հայրական պատգամով:

Նա անդրադառնալով հայ ժողովրդի անցնող տարիների, ի մասնաւորի 2020 թւականի արցախեան 44-օրեայ աղէտալի դէպքերին, նշեց. «Մեր ազգը, որպէս մէկ մարմին, ծանրօրէն վիրաւոր է եւ ունի բազում վէրքեր, սակայն ինչպէս հայոց պատմութեան բազմաթիւ բարդ իրավիճակներում, այնպէս էլ այսօր՝ այդ վէրքերի բուժման լաւագոյն միջոցներից է առողջ ու ներդաշնակ եւ բազմանդամ ընտանիքը»:

Թեմակալ առաջնորդն իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ ասաց. «Գիտակցում եմ, թէ այսօրւայ սոցիալական պայմաններում, ինչ մեծ պատասխանատւութիւն է ընտանիք կազմելը եւ ի մասնաւորի երեխաներ ունենալը, բայց եւ այնպէս ուզում եմ շեշտել, որ այդ պատասխանատւութիւնը ստանձնելով, դուք ստանալու էք թէ Աստծու օրհնութիւնը եւ թէ Աստծու կողմից ուժ եւ կարողութիւն՝ այդ բոլորին դիմակայելու եւ խոչընդոտները յաղթահարելու համար»:

«Աղօթում եմ առ Բարձրեալն Աստւած պահի ու պահպանի մեր հայրենիքը՝ թէ պապենական եւ թէ ծննդական, եւ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմը: Ցանկանում եմ մեր համայնքը բարգավաճի, ստեղծւեն նոր ընտանիքներ եւ լոյս աշխարհ գան շատ երեխաներ», աւելացրեց նա:

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին ուրախութեամբ տեղեկացրեց, որ երկրորդ զաւակ ունեցող ընտանիքները կը պարգեւատրւեն անձամբ իր կողմից:

Սոյն հանդիպմանը ներկայ էին Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, Թեմի Պատգ. ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Զաւէն Սիմոնեանը եւ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, քահանայից դասը, Կրօնական խորհրդի եւ Եկեղեցեաց վարչութեան անդամները:


Թղթակից (Նոր Ջուղա)