Երկուշաբթի՝ փետրւարի 7-ին, սգակիրների հոծ բազմութեան ներկայութեամբ, տեղի ունեցաւ ազգային-հասարակական  գործիչ, ՀՅԴ Իրանի հարաւային շրջանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ Նոր Ջուղայում եւ Նոր Ջուղայի Ազգային առաջնորդարանի պաշտօնեայ` Կրօնական խորհրդի գործավար Վահէ Թորոսեանի  յուղարկաւորութիւնը։

Թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց  դասի: Հանգուցեալի  հարազատներից  բացի, թաղման արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում հարաւային եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանն ու Արա Շավերդեանը, թեմի ազգային մարմինների ու ենթամարմինների անդամները եւ Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, շրջանիս եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբերի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները եւ  հոծ թւով հայ ու պարսիկ հայրենակիցներ:

Թաղման կարգի աւարտին, Նոր Ջուղայի շրջանի ընկերների անունից Ժորժիկ Մատթէոսեանը անդրադարձաւ հանգուցեալի կենսագրական գծերին.-

«Ընկեր Վահէ Թորոսեանը ծնւել է 1979 թւականի մայիսի 23-ին, Նոր Ջուղայում։ Աւագ որդին էր Գրիշի եւ Ֆլօրի եւ ունէր մէկ քոյր եւ մէկ եղբայր։

Նա Կրթութիւնը աւարտել է համակարգչային գրաՖիկա ճիւղում։ Այնուհետեւ զինւորական ծառայութիւնն է անցկացրել Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանում։

2005 թւականին ամուսնացել է Սքարլետ Հայրապետեանի հետ եւ ընտանիքը համալրւել է դստեր՝ Անիի ծնունդով։

Տարիներ աշխատել է Կրօնական խորհրդի գործավարի պաշտօնում։

Ընկեր Վահէի գիտակցական ամբողջ կեանքը անցել է կուսակցական աշխատանքներում։ Անդամակցել է Ռուբէն երիտասարդական միութեանը, եւ եղել միութեան կենտրոնական վարչութեան անդամ ու ներկայացուցիչ։

Ապա յանձն է առել պատանիներին դաստիարակելու կարեւոր պատասխանատւութիւնը եւ տարիներ եղել է միութեան վարիչը։ Շուրջ 4 շրջան անդամակցել է շրջանիս կոմիտէի կազմին եւ 4 շրջան եւս Կենտրոնական կոմիտէի, որի ներկայացուցիչն է եղել վերջին երեք շրջաններում։

Դաշնակցական աշխատանքների ծիրում իր ուշադրութեան կենտրոնում է պահել կուսակցական օրգանի՝ «Ալիք» օրաթերթի աշխատանքները եւ մեծ ջանասիրութեամբ համակարգել է շրջանումս թերթի գործունէութիւնը։

2000 թւականին Արցախում եղել է Լաչինից Գանձասար քայլարշաւի մասնակիցներից, որին ներկայ են եղել համաշխարհային եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ եւրոպացիներ եւ Նոր Ջուղայի ընկերներ։

Այդ օրւանից սկսեալ իր գերագոյն նպատակն Արցախն էր։  Բազմաթիւ անգամներ այցելել է Արցախ եւ Խորը ցաւ է ապրել հայրենիքի վերջին իրադարձութիւններից ու  հոգեկան մեծ ապրումներ է ունեցել այդ պատճառով։

Ընկ. Վահէն կարեւորում էր ինքնազարգացումը։ Զբաղւում էր  մարզանքով եւ մեծ սէր էր տածում ազգային ու ժողովրդական երգերի նկատմամբ։ Սակայն իրեն ամենահոգեհարազատը ընթերցանութիւնն էր եւ ունէր հարուստ հաւաքածոյ կուսակցական գրականութեան վերջին հրատարակութիւններից։ Իր մտքերն էր նաեւ շարադրում քաղաքական հարցերով եւ պարբերաբար հրատարակում իր յօդւածները։ Բացի այդ ձեռնամուխ էր լինում կրօնական եւ Հայ Դատին առնչւող մի շարք գրքերի հրատարակութեանը։

Նա օժտւած էր մարդկային բարձր յատկանիշներով։ Ազնիւ էր, ընկերական եւ հոգատար մանաւանդ կարիքաւորների նկատմամբ, որոնց օժանդակելու համար տարբեր միջոցներ էր ձեռնարկում։

Վերջին երեք տարիներին հիւանդութեան պատճառով, ֆիզիքապէս թոյլ էր, սակայն իր ամբողջ ջանքը գործադրեց իրեն յանձնարարած պարտականութիւնները լաւագոյնս իրականացնելու գործում։

Նա իր մահկանացուն կնքեց փետրւարի 3-ին, սգի ու վշտի մէջ թողնելով բոլորիս։»

Ապա ՀՅԴ Բիւրոյի եւ Իրանի հարաւային շրջանի Կենտրոնական Կոմիտէի անունից դամբանական խօսք արտասանեց Թաթուլ Օհանեանը. նա նշեց.-

«Սիրելի Վահէն օժտւած էր մարդկային բարձր գիտակցութեամբ ու յատկութիւններով: Առաջին հերթին՝ նա յարգում էր մարդուն, որպէս Աստծոյ եւ բնութեան ստեղծագործութիւն, ինչպէս նաեւ իւրաքանչիւր ազգի բջիջ:

Երկրորդը՝ նա կարեւորում էր ազգերի գոյութիւնը եւ աներկբայ ծառայում էր իր ժողովրդին: Նա հրճւում էր հայ ժողովրդի յաջողութիւններով եւ տրտմում էր նրա ձախողումներով: Հաւատացեալ էր նա, եւ հաւատքով էր լցւած դէպի հայոց եկեղեցի: Նա խոր գիտակցում էր կառոյցների կարեւորութիւնը եւ հաւաքական աշխատանքի իմաստը:

Նա երբեք չէր վհատւում, որովհետեւ գիտէր, թէ յեղափոխական մարդը իրաւունք չունի ձախողումների վրայ տխրելու եւ յուսալքւելու: Նա յատուկ կազմակերպական տաղանդ ունէր, հաւատացած էր, որ կազմակերպութիւններն են յաջողութիւն բերում որեւէ հաւաքականութեան:

Բիւր յարգանք իր յիշատակին: Մենք գլուխ ենք խոնարհում իր առջեւ՝ իր կատարած գործի համար:»

Դամբանական արտասանեց նաեւ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական Կոմիտէ անդամ՝ Արամ Շահնազարեանը, իր խօսքերում մատնանշելով.-

«Մենք կորցրեցինք ընկերոջ, նւիրեալ մարդու, գաղափարական մարտիկի, որի համար բացարձակ արժէքներ էին հայրենիքն ու հայ ժողովուրդը, որն իր ողջ գիտակցական կեանքը նւիրեց ծառայելու հայրենիքին եւ հայ ժողովրդին: Ծառայելու հայ ժողովրդի դատին, ծառայելու Հայ Դատի իդէալների իրականացմանը: Այդ իդէալների իրականցումը, Հայ Դատի ամբողջական նւիրագործումը, նա գտաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարների մէջ եւ իր ողջ գիտակցական կեանքը նւիրեց ծառայելու այդ գաղափարներին: Նա գիտէր եւ գիտակցում էր, որ այդ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ է անել ամէն ինչ, անհրաժեշտ է անցնել անձնական կեանքից, անհրաժեշտ է նւիրաբերել ամէն ինչ: Նա գիտէր, որ այդ գաղափարի իրագործման համար անհրաժեշտ են գործեր: Գործեր՝ որոնք պէտք է իրականացնել, ականջալուր լինելով Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան կամքի մարմնաւորմանը, յեղափոխական գործի Աստծու եւ դարբնի՝ Ռոստոմի խօսքերին, գիտակցելով եւ հասկանալով, որ յեղափոխական մարդու համար կան միայն գործեր, ոչ առաջնային եւ ոչ երկրորդական գործեր, գործեր որոնք պէտք է նա իրականացնի: Սիրելի Վահէն հէնց Ռոստոմեան այդ պատգամի մարմնաւորողն էր: Գործեր, որոնք Վահէն իրականացնում էր ամենայն բծախնդրութեամբ, ամենայն նւիրւածութեամբ:

Մենք ունեցել ենք բազում-բազմաթիւ ցաւեր, բազում-բազմաթիւ կորուստներ, բայց շարունակել ենք մեր ուղին, գիտակցելով որ մեր հանգուցեալ ընկերները, մեզ լքած ընկերները, մեզ պատգամում են մի բան՝ սա մեր ճանապարհն է, սա մեր ուղին է, որը պէտք է մինչեւ վերջ կտրենք ու անցնենք»:

ՀՅԴ «Ռուբէն» Երիտասարդական եւ «Թադէոս Թադէոսեան» Պատանեկան միութիւնների անունից արտայայտւեց Մեղրի Ղուկասեանը։

«Կան մարդիկ, ովքեր իրենց սկզբունքներով, պատրաստակամութեամբ, պարտաճանաչութեամբ եւ պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ, ոչ միայն շրջապատի յարգանքն ու համակրանքն են վայելում, այլեւ իրենց հեղինակութեամբ արժեւորում են ղեկավարի տիպարը եւ որակաւորում մեր ազգային կեանքը։ Այդ մարդկանցից մէկն էլ հէնց ընկ. Վահէ Թորոսեանն էր։

Նա իր կեանքի կարճ, բայց բովանդակալից տարիները նւիրաբերեց իր հայրենիքին, հարազատ գաղթօջախին, իր որդեգրած գաղափարին եւ ընտանիքին: Ընկերոջ աւանդն իր ուրոյն տեղն ունի մեր ազգային ու համայնքային կեանքում։ Վստահաբար նա մեծ ակնկալումներ ունէր մեզանից կուսակցական ապագայ ծրագրերի առնչութեամբ եւ հաւատում էր, որ մեր գաղութը իր դրւածքով, մարդկային հարուստ ներուժով եւ հոգեւոր պաշարներով կարող է յատուկ դերակատարութիւն ունենալ Հայ Դատի պահանջատիրական աշխատանքներում, իսկ մենք՝ պատանի-երիտասարդներս նրան յուսախաբ անելու իրաւունք պարզապէս չունենք, այլ պարտաւոր ենք շարունակելու նրա կիսատ մնացած գործը»։

Սպահանի հայոց թեմի Ազգային իշխանութեան անունից դամբանական խօսք ասաց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով անդրադառնալով Վահէի կենսագրութեանը, նրա գործունէութեանն ու ստանձնած պարտականութիւններին, աւելացրեց.-

«Վահէի պաշտօնը երբեք իրեն առիթ չընծայեց, որ այն դառնայ անբարդաւանութեան կռւան, այլ ընդհակառակը, իր վեհ պաշտօնի բարձր աթոռը վերածեց դիտարանի: Ներկայացաւ որպէս դէտ, միեւնոյն ժամանակ արթուն պահակ, որպէսզի հեռւից կարողանայ կանխատեսել գաղութիս մօտեցող բոլոր վտանգները, իսկ այդ բոլորը դիմակայելու պարագայում, Վահէն երբեք չներկայացաւ, որպէս ձեռնածալ, հրահանգող ղեկավար, այլ միշտ հանդիսացաւ առաջնագծում մարտնչող պահապան զինւոր եւ պաշտպանող հայորդի:

Վահէն այսօր դադարել է ֆիզիքական լինելուց եւ վերածւել է հոգեկանի: Դարձել է ճամբորդ, թողնել է մեր այս աշխարհը մեզ եւ մահւան կամուրջով փոխադրւել է հանդերձեալ կեանք, երանելի աշխարհ, որպէսզի դառնայ հոգի՝ վերահսկելու իր ընտանիքին եւ բարեխօսելու իր հարազատների համար, միեւնոյն ժամանակ որպէսզի դառնայ ոգի՝ խրախուսելու մերօրեայ պատանիներին ու երիտասարդներին»:

Սրբազան Հայրը փոխանցեց նաեւ Մեծի  Տանն  Կիլիկիոյ  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ  Ա  կաթողիկոսի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, թեմիս նախկին առաջնորդ եւ ներկայիս Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն արք. Չարեանի, Սպահանի Հայոց Թեմի Պատգ. Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Եկեղեցականց դասի, Եկեղեցեաց վարչութեան, բոլոր միութիւնների, յանձնախմբերի, վարչութիւնների, ինչպէս նաեւ Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութեան եւ դիւանատան սրտագին ցաւակցութիւնները:

Վերջում պարսկերէն լեզւով արտայայտւեց Գեղարդ Մանսուրեանը, անդարադառնալով հանգուցեալի կենսագրական գծերին:

Հանգուցեալի դին ամփոփւեց Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը եւ իր վերջին հանգրւանը գտաւ իր հարազատ ծննդավայրում:

Վահէ Թորոսեանն իր մահկանացուն է կնքել 2022 թւականի փետրւարի 3-ին՝ 42 տարեկան  հասակում:

Թղթակից (Նոր Ջուղա)