Կիրակի՝ յունւարի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում մատուցւող կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2022 թւականը «Սփիւռքի տարի» հռչակելու կապակցութեամբ:  

Հռչակագրում Վեհափառ Հայրապետն ընդգծել էր. «Հաւատարիմ իր անցեալին, հայ ժողովուրդը կոչւել է ինքն իրեն յարատեւօրէն վերարժեւորման ու վերանորոգման ենթարկելու՝ համահունչ փոխւող ժամանակներին, պայմաններին ու մարտահրաւէրներին: Այս տեսլականով ու յանձնառութեամբ Սփիւռքը պէտք է վերակազմակերպի ու վերաշնչաւորի ինքն իրեն: Սփիւռքն իր ներկայ վիճակին թողնել՝ նշանակում է նրա ինքնամաշումն արագացնել: Սփիւռքի վերակազմակերպումը՝ նրա հզօրացումն է, իսկ Սփիւռքի հզօրացումը՝ Հայաստանի ու Արցախի հզօրացումն է. եւ սա համազգային առաջնահերթութիւն է ու մարտահրաւէր: Հարկաւոր է անյապաղ լծւել աշխատանքի»:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն այս տարւան նւիրւած հսկայական աշխատանքների կազմակերպման համար թելադրել էր. «ա. Մթնոլորտի պատրաստութիւնը  նախապայման է: Մեր կառոյցները, նրանց պատասխանատուներն ու անդամները պատրաստ եւ յանձնառու պէտք է լինեն վերակազմակերպման անյետաձգելի անհրաժեշտութեանը: Այս ուղղութեամբ յօդւածների պատրաստութիւնը, հրապարակային քննարկումների ու համագումարների կազմակերպումը կարող են օգտակար դառնալ տեսակէտների փոխանակման, մտքերի պատրաստութեան եւ դրական միջավայրի ստեղծման:

  բ. Իւրաքանչիւր կառոյց  ինքը պէտք է նախաձեռնի իր վերակազմակերպումը, նկատի ունենալով Մեր արծարծած մտահոգութիւններն ու մատնանշած երեւոյթները, եւ ապա, անհրաժեշտութեան պարագային, իր կատարած աշխատանքը համադրելով այլ կառոյցների հետ:

գ. Ծրագրմանը հարկաւոր է յաջորդել գործադրումը: Սա բնականաբար ամէնից դժւար հանգրւանն է: Գործադրումը պէտք է կատարւի յառաջատւական ընթացքով եւ ծրագրւած հետեւողականութեամբ»:

Ընթերցման աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորանքներ փոխանցեց՝ 2022-թ «Սփիւռքի տարի» հռչակւելու կապակցութեամբ, ապա խօսքն ուղղելով թեմի ազգային մարմիններին ու եկեղեցականաց դասին, կոչ արեց միասնական ջանքերով լաւագոյնս ծրագրել եւ իրականացնել՝ Սփիւռքի տարւայ առիթով: Նա նաեւ կոչ ուղղեց թեմի ժողովրդին՝ ծրագրերի իրականացման գործում համագործակցութիւն ցուցաբերել կազմակերպիչների հետ:

Յատկանշական է, որ նոյն օրը նշւեց նաեւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու անւանակոչութեան տօնը: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանը. արարողութեանը մասնակցում էին թեմի եկեղեցականաց դասի բոլոր անդամները: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրն ընթերցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, շաբաթ՝ յունւարի 15-ի երեկոյեան, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագի, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)