Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, շաբաթ՝ յունիսի 19-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 14 թեկնածուներից 7-ը հանդիպում ունեցան համայնքի անդամների հետ։

Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։

Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին Արցախեան պատերազմի ընթացքում զոհւածների անմոռաց յիշատակը, ապա նախընտրական ելոյթների շրջագծում թեկնածուներ՝ Զարենուշ Աղուրեանը, Հենրիկ Յակոբեանը, Նոէլ Մինասեանը, Սիփան Ղազարեանը, Սքարլետ Հայրապետեանը, Սանդրա Խաչատրեանը եւ Անահիտ Փիլոսեանը հերթաբար ներկայցրին իրենց կենսագրական գծերն ու ծրագրերը, իսկ վերջին բաժնում պատասխանեցին ներկաների հարցումներին։

Երեկոն վարեցին Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Զարեհ Ղարախանեանը։

Երկրորդ հանրային հանդիպումը տեղի կունենայ երկուշաբթի՝ յունիսի 21-ի երեկոյեան ժամը 8։00-ին, նոյն վայրում, միւս եօթ թեկնածուների մասնակցութեամբ։

Յատկանշական է, որ թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ յունիսի 25-ին եւ Նոր Ջուղայի ընտրատարածքից ընտրւելու են 12 պատգամաւորներ։

Թղթակից (Նոր Ջուղա)