Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Հրաչ Յակոբեանի աճիւնները նրա ծննդավայր՝ Սպահան քաղաք վերադարձան, հինգշաբթի՝ 2020 թւականի հոկտեմբերի 1-ի երեկոյեան, 33 տարիներ անյայտ կորած համարւելուց յետոյ:

Սպահանի օդանաւակայանում քաջարի հայորդուն դիմաւորեցին բարձրաստիճան հրամանատարներ եւ հայկական պատւիրակութիւնը: Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորած այս պատւիրակութեանը մաս էին կազմել նահատակի հարազատ եղբայր Սարօ Յակոբեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանը եւ հայ նահատակների ընտանիքների ու Նահատակների հիմնարկի միջեւ կապ Զարեհ Ղարախանեանը: Բարձրաստիճան զինւորականների շարանում աչքի էին ընկնում՝ Սպահան, Եազդ, Չհարմահալ Բախտիարի նահանգների բանակի ռազմական աւագ հրամանատար բրիգադային գեներալ Ազարաֆրուզը, ութերորդ աւիաբազայի հրամանատարի տեղակալ երկրորդ կարգի բրիգադային գեներալ Ալիռեզա Անգիզէն, բանակի 4-րդ աւիաբազայի հրամանատար բրիգադային գեներալ Ամիռ Խամուշին, Աւիաբազայի «Շահիդ Վաթանփուռ» ուսումնական կենտրոնի հրամանատար երկրորդ կարգի բրիգադային գեներալ Փաքնիաթը, Սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման եւ տարածման Սպահան նահանգի գլխաւոր տնօրէն գեներալ Շիռւանեանը, նահանգի ապահովական ուժերի հրամանատար գեներալ Միրհէյդարին եւ նահանգի Նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէն Ահմադինիան:

Սկզբում հայկական պատւիրակութեանը դիմաւորեց հրամանատար Ազարաֆրուզը, ապա լրագրողներին տւած իր հարցազրոյցում Թեմակալ առաջնորդը շնորհակալական խօսք ուղղեց Հրաչ Յակոբեանի դիակի գտնելու եւ Սպահան փոխադրելու գործում բոլոր դերակատարներին: Յաջորդիւ զինւորական յատուկ արարողակարգով ինքնաթիռից դուրս բերւեց նահատակի դին եւ Սրբազան Հայրն «Տէրունական» ու «Հոգւոցն հանգուցելոց» աղօթքները հնչեցրեց նրա աճիւնների մօտ:

Այնուհետեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան բանակի թիկնազօրի ուղեկցութեամբ, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատան դիակառքով դին տեղափոխւեց բանակի հիւանդանոց, որտեղ էլ այս յուզիչ երթն աւարտւեց Սրբազան Հօր սրտաբուխ աղօթքով:

Հիւանդանոցից յետոյ Թեմակալ առաջնորդը պատւիրակութեան միւս անդամների ընկերակցութեամբ այցելեց Յակոբեանների բնակարան, ուր հանդիպելով նահատակի ծնողներին, ցաւակցական խօսք յայտնեց նրանց եւ բացատրութեամբ հանդէս եկաւ դիակի դիմաւորման ու փոխադրման մասին:

Յատկանշական է, որ մինչեւ Սպահան ժամանելը, հինգշաբթի առաւօտեան, Հրաչ Յակոբեանի դին Զահեդան քաղաքից փոխադրւել էր Թեհրան, ուր «Մերաջէ շոհադա»-ում նահատակին հարժեշտ էին տւել բարձրաստիճան զինւորականներ եւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու հայ նահատակների ընտանիքների ներկայացուցիչները:

Քաջարի մարտիկի թաղման արարողութիւնը տեղի կունենայ ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ի առաւօտեան, սկզբում Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, այնուհետեւ հայոց ազգ. գերեզմանատանը:

Թղթակից (Նոր Ջուղա)