2020 թւականի մարտ ամսից, համաճարակի տարածման պատճառով դադարել էին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան միաւորների մի շարք հաւաքական աշխատանքները, սակայն վերջին շաբաթների ընթացքում միութեան Կենտ. վարչութեան եւ միաւորների վարչութիւնների յատուկ դասաւորութեամբ եւ ի հարկէ առողջապահական կանոնները լրջօրէն յարգելով, տեղի են ունեցել հետեւեալ աշխատանքները:

Այս շրջագծում ուրբաթ՝ 2020 թւականի սեպտեմբերի 11-ի երեկոյեան, միութեան բացօթեայ տարածքում, Մշակութային միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Գիտունիկի տնակ» մանկական ծրագիրը՝ սահմանափակ փոքրիկների մասնակցութեամբ:

Ընթացքում աշխոյժ մթնոլորտի ներքոյ, փոքրիկները հեռաւորութիւնը պահպանելով շփւեցին միմեանց հետ, իրենց ուրախութիւնը արտայայտեցին երկար դադարից յետոյ «Գիտունիկի տնակ»-ի աշխատանքները վերսկսւելու առթիւ եւ խանդավառ մթնոլորտի ներքոյ մի շարք բնական նիւթերով, ինչպիսին են՝ ուտելի ներկերը, խմորի սոդան եւ քացախը, պատրաստեցին անզուգական նախշերով ձեռքի աշխատանքներ:

Սեպտեմբերի 18-ի երեկոյեան, միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Ուսանողական միաւորի վարչութեան, կազմակերպւեց խորհրդատւական հանդիպում, որտեղ համալսարանների մուտքի քննութիւններում ընդունւած երիտասարդներն ու նախահամալսարանական օղակի շրջանաւարտներն առիթ ունեցան ոչ միայն առաւել ծանօթանալու համալսարանական զանազան ճիւղերի առաւելութիւններին եւ դժւարութիւններին, այլեւ խորհուրդներ ստանալ հրաւիրեալ մասնագէտներից եւ ուսանողներից՝ իրենց նախընտրած մասնագիտութիւնների ուղղութեամբ:

Հանդիպմանը հրաւիրւել եւ ներկայ էր նաեւ Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ով գնահատելով Ուսանողական միաւորի այս նախաձեռնութիւնը, խրախուսական խօսքեր ուղղեց ուսանողներին եւ բարձրագոյն կրթութիւն ստանալ ցանկացողներին:

Թղթակից (Նոր Ջուղա)